Շնչառական համակարգ

how-we-breathe.gif
Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 1620 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է մոտ 21000:
Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 մլն շնչառական շարժում:
Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների ռիթմիկ կծկումների շնորհիվ: Ստոծանին մկանային միջնապատի դեր է կատարում` բաժանելով որովայնի խոռոչը կրծքավանդակից:
Ներշնչման ժամանակ կծկվում են արտաքին միջկողային մկանները, կողոսկրերը փոքր-ինչ բարձրանում են, միաժամանակ կրծոսկրը շարժվում է դեպի առաջ: Այդ բոլորի հետևանքով կրծքավանդակի չափերը մեծանում են: Ստոծանու մկանների կծկման հետևանքով նրա գմբեթը հարթվում է, և կրծքավանդակը մեծանում է նաև ուղղաձիգ ուղղությամբ:
Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:
շնչառ.jpg
Իսկ ինչպե՞ս է կատարվում արտաշնչումը:
Միջկողային և ստոծանու մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրության տակ ուղղվում են ներքև, ստոծանին զբաղեցնում է իր նախկին դիրքը, կրծքավանդակի խոռոչը փոքրանում է, թոքերը սեղմվում են, նրանցում օդի ճնշումը մեծանում է և օդը շնչառական ուղիներով դուրս է մղվում, տեղի է ունենում արտաշնչում: Ավելի խորը շնչառությանը մասնակցում են նաև որովայնի մկանները:
Հանգիստ ներշնչման ժամանակ մարդը ներշնչում է մոտ 500 սմ³ օդ և նույնքան էլ արտաշնչում: Դա կոչվում է շնչառական ծավալ: Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ³-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ³-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում:
Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և մանրէները լորձի ավելցուկի հետ հեռացվում են բերանի խոռոչով, իսկ փռշտոցի դեպքում` քթի խոռոչով: Երկու դեպքում էլ տեղի է ունենում կտրուկ արտաշնչում:
Շնչառության հաճախականությունը փոխվում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև մարդու հուզական վիճակի փոփոխության դեպքում: Հուզմունքի պահին շնչառությունը տեղի է ունենում ընդհատումներով, իսկ գերլարվածության ժամանակ` աղմկոտ և հաճախ: Դրական զգայական իրավիճակում մարդու շնչառությունը դանդաղում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *