Իրեք քառի հեքիաթը

Կրլնի, չիլնի մի մարդ: Էս մարդին մի սուրու ոչխար կունենա: Օրեն մի օր էս մարդը հանդումը քնով կընկնի, կզարթնի, կտենա՝ սուրուն աղաքիցը կորել ա։ Էդ խեղճ մարդը քառ ա ըլնում։

Ընկնում ա ճամփա դպա իրա սուրուն, սաքի գանի։ Դրան ճամփին մի մարդ ա ռաստ գալի, որ արտը վարում էր, կասի.— Բար’աջողում ա՛ղպեր, իմ ոչխարի սուրուն չե՞ս տեհե՞ դվորը գնաց։

Էս մարդի բախտիցը վար անողն էլ ա քառ ըլնում։ Նա հենց իմանումա, թե էդ սուրու կորցնողը ասում ա. «Ինձ էլ տեղ տու վարեմ»:

Զեռով շանց կտա դպա արտի գլուխը, կասի.— Ա՛յ, հրե ընտեղ անվարել ա, գնա ընգե վարա։

Նա հենց իմանում, թե ասում ա. «Սուրուն դե՛սը գնաց»։ Էդ ճամփեն բռնում ա, դուզ էթում ա, էթում ա էթում, դրուսա որ, իրա սուրուն գտնում ա։

Միտքն ա անում, թե մի ոչխար, յա էծ տանի էն վար անող մարդին, որ ըտենց լավություն արեց, իրա ոչխարը գտավ:

Իրա սուրուի միջին մի պոզը կոտրած էծ ա ըլնում, էդ էծը ջկում ա, տանում ա վար անողին փեշքաշ. վար անողը հենց իմանամ ա՝ ասում ա. «Իմ էծի պոզը խի՞ ես կոտրե», ասում ա․— Ա՛յ ջանը՜մ, դյուզը՞մ, ես ընչի՞ց եմ խաբար, ե՜ս որդե, քո՛ւ սուրուն որդե, որ պոզը կոտրեի։

Նա՝ հա, սա չէ՛։ Դրանք ըտենցությունով տալիս են, եքա կռիվ են անում։

Նոր միտք են անում, ասում են. «Էթանք դպա գեղը, ճամփին ո՛վ ռաստ գա նրան հարցնենք․ թող նա մեր գանգատը լսի, տենանք՝ ո՞վ ա մեղավոր»։

Էկուսն էլ ռազի կըլնեն՝ կէթան։ Կէթան, կէթան, կէթան, կտենան՝ հրես մի ջահել հարս ա գալի. հենց էդ հարսին կհարցնեն.— Ա՛յ քիր, ղուրբան, հլա լսի մեր գանգատը, տես՝ որս ենք մեղավոր, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

Իրենց գանգատը կանեն էս հարսին։

Սրանց բախտիցը էս հարսն էլ ա քառ ըլնում. դու մի ասի դրան իրա կեսուրը տանիցը դուս ա արե։ Հարսն էլ հենց իմանում ա, թե ասում են. «Էլի գնա ձեր տուն», հարսը կասի.— Չէ՛, ախպեր ջան ընչանք կեսուրս չմեռնի, ես էն տունը ոտ չեմ դնի։

Դրանք կտենան, որ սա էլ ա իրանց օրին, մի զադ ա, կթողան կէթան իրանց բանին։

21.01.22

Ուսումնասիրել տրված հանելուկները.

ինչի՞ հիմա վրա են կազմվել
առանձնացնել օրնակներ ըստ կազմված ձևի
փորձել գրել հանելուկներ
Մի բան կա, բան չի նմանի,
Ձու կածի, հավ չի նմանի,
Չորս ոտք ունի, կով չի նմանի,
Շատ կաշխատի, մարդ չի նմանի:
(մրջյուն )
Ման եմ գալիս, հավ չեմ,
Լույս եմ տալիս, ճրագ չեմ:
(լուսատիտիկ)
Թռչի ոտքերը կախ են,
Իջնի ծնկները շալակն են:
(մորեխ)

Մի գոմ կա մի խուրձ խոտ մեջը չի
մտնի,
Բայց հազարավոր զորք կա մեջը:
(մրջնանոց)
Կատուն կանգնել է դեզին,
Պոչն օլորել է վզին:
(աղվես)
Ինքը հողից, կյանքն արևից,
Մահը ջրից:
(աղ)
Մի աման ներկ
Աշխարհ կներկի:
(արև)
Եկավ օրով, գնաց տարով:
(Նոր տարի)
Մինչև իրիկուն կպտտի, բան չկա,
Իրիկունը տուն հասնի թե չէ,
Բերանը բաց կմնա:
(կոշիկ)
Ուր գնամ, հետս է:
(ստվերը)
Աչքեր ունի, ոտքեր չունի,
Մարդ կսպանի, ձեռքեր չունի,
Հավկիթ ունի, փետուր չունի,
Շորեր ունի, որ կար չունի:
(օձ)
էստեղ պուպուզ, էնտեղ պուպուզ,
Մեկ էլ տեսար կտուրով դուրս:
(արևի շողը)
Քույր ու եղբայր են, մեկն առավոտն է ծնվում, երեկոյան մեռնում,
Մյուսը երեկոյան ծնվում, առավոտը մեռնում:
(արև, լուսին)
Գլխին տուր,
Մեջը կուլ տուր:
(ընկույզ)
Ի՞նչ պարան է,
Ինքն է վրադ փաթաթվում:
(օձ)
Պոզեր ունի, այծ չէ,
Թևեր ունի, թռչուն չէ:
(բզեզ)

Մի խուրձ խոտ չի մտնում,
Բայց հազար կենդանի շունչ է
ապրում:
(մրջնանոց)
Կլորիկ է, քար չէ,
Չու է ածում, հավ չէ:
(կրիա)
Թռչում է, թռչուն չէ,
Փոքրիկ է, մրջյուն չէ:
(մեղու)
Մեկ հոր,
Երեսուներկու զինվոր:
(բերան, ատամներ)
Մի ծառ կա, վրան հինգ ճյուղ,
Ամեն ճյուղին մի տերև:
(ձեռք, մատներ, եղունգներ)
Չորս կողմը փուշ,
Մեջտեղը նուշ:
(թարթիչներ, աչք)
Սև է սաթի նման,
Սպիտակ է կաթի նման,
Կարմիր է վարդի նման,
Ման կգա մարգի նման:
(աքաղաղ)
Չորս ախպեր մի գդակի տակ,
Ոնց որ թե էլի չգտաք:
(սեղան)
Շարժվում է ոտք չունի,
Մտրակ է, կոթ չունի:
(օձ)
Մի թագավոր կա,
Քառասուն կին ունի,
Կարմիր թագիկ ունի,
Դեղին ոտիկ ունի:
(աքաղաղ)
Չորս ոտքը հողին,
Երկուսը կողին:
(ձի և ձիավոր)
Գընդըլ, մընդըլ տատիկը,
Հանեց վրայի շապիկը,
Փախավ մտավ բաղնիքը:
(կարտոֆիլ)

Չի լալիս մորթվողը,
Լալիս է մորթողը:
(սոխ)
Ուլուլիկ, պուլուլիկ,
Ոչ դուռ ունի, ոչ կտուր:
(ձու)
Մի պուտուկի մեջ
Երկու տեսակ ջուր:
(ձու)
Արի,’ ասում եմ, չի գալիս,
Մի արի, ասում եմ, գալիս է:
(շրթունք)
Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:
(հավ, ձու)
Ման է գալիս կամաց-կամաց,
Մի շալակ փուշ վրան առած:
(ոզնի)
Փոքրիկ գազան,
Արագ վազան,
Քուրքը դեղին,
Շատ է սիրում հավի ցեղին:
(աղվես)
Մի պապիկ կա
Հազար թոռ է շալալկել:
(խաղող)
Նայում ես կանաչ է,
Կտրում ես կարմիր է,
Մեջը լիքը սև զինվոր է:
(ձմերուկ)
Ափը կանաչ,
Ջուրը կարմիր,
Ձկները սև:
(ձմերուկ)
Չորս կողմը փակ,
Մեջը հազար ձագ:
(ձմերուկ)
Մի փոքրիկ պապիկ,
Հագին հազար շապիկ:
(կաղամբ)

Գլխիդ վերև,
Հազար տերև:
(ծառ)
Ձմոանը տաքացնում է,
Գարնանը ուրախացնում,
Ամռանը հովացնում է,
Աշնանը կշտացնում:
(ծառ)
Մանրիկ-մանրիկ եկեղեցի,
Դանակով զարկի, դուռը բացի,
Մեջը սիրով համբուրեցի:
(նուռ)
Ուլուլիկ-պուլուլիկ,
Մեջը լիքը շողուն ուլինք:
(նուռ)
Սև արաբը զյուղը մտավ,
Գյուղը վախից քուն մտավ:
(Գիշեր)
Սև սատանեն բեղն ոլորեց,
Հազար-հազար մարդ գլորեց:
(Գիշեր)
Թռչում է, թռչուն չէ,
Թրջում է, ջուր չէ:
(ամպ)
Մի երկար սփռոց ունեմ,
Ինչքան ուզես հավաքել, չես կարող:
(ամպ)
Մի հովիվ կա ոչխարներին գիշերն
է արածեցնում:
(լուսին, աստղեր)
Ոտք չունի, ման է գալիս,
Բերան չունի, կուլ է տալիս:
(մառախուղ)
Պստիկ, պստիկ մանչեր
Արտի վրա տռճիկ տվեցին:
(կարկուտ)
Գորգ ունեմ,
Թափ տալ չի լինի,
Ոսկի ունեմ,
Հաշվել չի լինի:
(երկինք, աստղեր)

Այ լարի, լարի,
Երկու կաքավ գնում են գալիս:
(արև, լուսին)
Մեկը փչում է պաղած-պաղած,
Մեկի աչքերը կրակ վառած:
(արև, լուսին)
Կարմիր բաղարջ
Հազարի առաջ:
(արև)
Ինչ թուր է
Գլխիդ ընկնի, չի կտրի:
(արևի ճառագայթ)
Պատուհանից ընկավ ներս,
Թե որ կարաս, կբռնես:
(արևի ճառագայթ)
Մեծ տուն, հազար ճրագ, ոչ տուն
ունի, ոչ գերան:
(երկինք, աստղեր)
Ինձ նայես, աչքերդ կծակեմ:
(արև)
Մի խնձոր,
Կեսը սպիտակ, կեսը սև:
(օր)
Երեսուն օր ապրում է ու մեռնում,
Մյուս օրը նորից ծնվում:
(լուսին)
Ցերեկը քուն են մտնում,
Գիշերը զարթնում:
(աստղեր)

06.11.2021

1․ Կարդացե՛ք հեքիաթը։
2․ Ո՞րն է հեքիաթի խորհուրդը։
3․ Ռոդարիական հնարքներով ձևափոխեք հեքիաթը։

ՕՁԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի ռըշպար մարդ կար, չորս-հինգ տղա ուներ, բիրադի մանդր, խմորակեր, ինքն էլ քյասիբ, ողորմելի. աշխատում էր, աշխատում էր, էլի սո՛ված, սո՛ված:

Մի իրիկուն նստեց կնկա մոտը, ասեց.— Ա՛յ կնիկ, ես էգուց պտի էթամ ղարբություն՝ աշխատելու։

— Էթում ես՝ գնա՛, ըստեղ մնում ես ի՞նչ օգուտ։

Տղեն առավոտը քնատեղիցը վե կացավ, հինգ օր գնաց, հասավ մի քաղաք։ Էդ քաղաքի միջին ման էր գալի, տեհավ մի կնիկ բալկոնումը կաննած էր, եբոր մոտացավ, էդ կնիկը ձեն տվեց,ասեց.— Ա՛յ տղա, վի՛րև արի, վի՛րև արի:

Տղեն շատ ուրախացավ, ասեց.— Լա՛վ ա, հարուստ կնիկ ա, գործի կդնի։

Գնաց բանձրացավ բալկոնը, կնիկն ասեց.— Ա՛րի նեքսև։

Տղեն ասեց.— Գո՞րծ կա, ասա անեմ, գամ նեքսև ի՞նչ անեմ։

— Հլա ա՛րի նեքսև, եդով։

Տղեն ամոթու մտավ նեքսև, կուչ էկավ, կաննեց։

Ասեց.— Խի՞ ես կաննել, ա՛րի նստի։

Կռնիցը բռնեց, նստացրեց։ Սկսեց հացի պատրաստություն տենալը։ Եբոր հացը բերեց, իրար հետ նստեցին, կերան։

Հացը ուտելուց եդը տղեն ասեց.— Խանո՛ւմ, դե ի՛նչ անելու եմ, ասա՛, վե կենամ, անեմ։

Ասեց.— Նստի՛, խոսանք հլա։

Եբոր նստեցին, աղջիկն ասեց.— Ա՛յ աղա, ինձ կառնե՞ս:

Տղի սարսափը բռնեց, ասեց.— Խանո՛ւմ, էդ ի՞նչ ես ասում:

Վե կացավ որ կաննի, փեշը բռնեց.— Խի՞ ես վե կենում,— ասեց։

Ասեց.— Խանո՛ւմ, ես մի քյասիբ մարդ, էս տների տիրոնչը ես ո՞նց առնեմ։

Ասեց.— Բա՛ն չկա, ես քեզ կառնեմ։

Տղեն ասեց.— Չէ՛, չե՛մ առնի, ես երկուղ եմ անում քեզանից:

Ասեց.— Խի՞ ես երկուղ անում, ինձ չես հավանո՞ւմ։

Ասեց.— Հավանում եմ, համա էդ սիրունությունի, էդ հարստությունի տեր աղջիկը ո՞նց լայաղ կանի, ինձ կառնի։

Վե կացավ, գնաց։

— Ա՛յ աղա, ո՞ւր ես էթում, ո՞ւր ես էթում։

Տղեն անկաջ չարեց, վեր էկավ գնաց։ Գնաց մինչև իրիկուն ման էկավ, իրիկունը գնաց խանը պառկեց, տեսավ լուն մի դհիցը, ոչիլը դհիցը, մինչանք լիս քունը չտարավ։

Ասեց. «Ափսո՜ս, նրան պտի առած ըլնեի, հմի փափուկ դոշակի վրա պառկած կըլնեի։— Ասեց.— Առավոտը վե կենամ, էթամ էլի էն քուչեն, եբոր կանչեց, կէթամ, կառնեմ»։

Առավոտը ոըշպարը վե կացավ, էլի ման գալով էկավ հասավ էդ բալկոնի տակը։ Էդ աղջիկը բալկոնումը կաննած էր, դրան տենալուն քիմի, կանչեց.— Ա՛րի վիրև, ա՛րի վիրև,— ասեց։

Էդ տղեն գնաց վիրև։ Եբոր գնաց վիրև, էլի ամանչեց, ամոթու կաննեց բալկոնումը, նեքսև չմտավ։ Աղջիկը կռնիցը բռնեց, տարավ նեքսև, էլի նստացրեց, բերեց հաց դրեց, նստեցին կերան։

Կերան, խմեցին, աղջիկն ասեց.— Ա՛յ տղա, ա՛րի ինձ առ, չե՛ս փոշմանի։

Ասեց.— Ո՞նց անեմ, էս տների տերը, էս կարողության տերը կարող ա մի իսկական ունենա, գա ինձ սըպանի։

Ասեց.– Ո՛չ ասկական, ո՛չ բարեկամ, ոչ մի բան չունեմ ես, ա՛ռ, չես փոշմանի։ Սավայի էս տները, տասը հատ էլ դուքան ունեմ բաղարումը, մեկումը դու նստի առըտուր արա, իննը տու քրեհով։

— Ո՛ր ասում ես, կառնեմ,— ասեց տղեն։

Աղջիկն ուրախացավ, վե կացավ, ջուր դրեց, տաքացրեց, դրեց դրան թեշտը, լեղացրեց, բերեց մի թամուզ ձեռք շոր հագցրեց ասեց.— Դե գնա՛, տերտերին կանչա՛, թող գա մեզ պսակի։

Տղեն վե կացավ վազեց, տերտերին վե կալավ, բերեց։ Էկավ տերտերը պսակեց, թողաց գնաց։

Աղջիկն ասեց.— Հմի մենք էլանք մարդ ու կնիկ, մենակ մի բան եմ խնդրվում. ես միս չեմ ուտում, միս մի բերի տուն, սիրտդ կուզի՝ բազարումը ա՛ռ, կե՛։

Տղեն ասեց.— Շա՛տ լավ, չե՛ս ուտի՝ չե՛մ բերի։

Վե կացան, իրար ճիտ արին ու քնեցին։ Քե՜ֆը դրանց քեֆն էր։

Ըտենց ապրեցին իրեք տարի։

Իրեք տարուց եդը դուքանումը նստած վախտը խաբարն էկավ, թե Ստամբոլա յանիցը մի մենծ բազրկյան ա էկե, բերածը քոմմա խաս ապրանք ա։ Վե կացավ, դուքանի դուռը շինեց, գնաց էդ բազըրկյանի մոտը, որ տենա, թե ի՛նչ ապրանք ա բերե։

Բարև տվեց, նստեց, ասեց.— Ի՞նչ թանկագին բան ես բերե, ուզում եմ կնկանս հմար առնեմ։

Ասեց.— Մի շատ լավ մարգարտե շապիկ կա, տա՛ր թող տենա, թե վրին կըլեի, կհավանի՝ վե կա՛լ, թե չէ՝ իմ մալը եդ բե՛։

Վե կալավ, տարավ։ Տարավ կնկանն ասեց.— Մի լավ բան եմ բերե։

Ասեց.— Ի՞նչ ես բերե։

Ասեց.— Մարգարտե շապիկ, քու սիրուն ջանին լայաղ։

Եբոր տեհավ, ասեց.— էս ես չեմ հագնի։

Ասեց.— Խի՞, թանկ ա դրա հմար, ես էլ քեզ ղուրբա՜ն, մեր կարողաթյո՜ւնն էլ։

— Չէ՛,– ասեց,— ա՛յ մարդ չե՛մ հագնի։

— Չէ՛, պտի հագնես։

— Որ հագնեմ, կմեռնեմ, ուզում ես մեռնեմ՝ հագնե՛մ։

— Էդ ի՞նչ ես ասում, ա՛յ կնիկ, կտանեմ կտամ տիրոնչը։

Վե կացավ, տարավ։ Բաղրկյանն ասեց.— Խի՞ բերեցիր, չհավանե՞ց, թե նեղ էկավ։

— Չէ,— ասեց,— չի ուզում,— ասում ա,— որ հագնեմ՝ կմեռնեմ։

— Ո՛ր ըտենց ա, քու կնիկը օձ ա։

— Ի՞նչ ես ասում, ա՛յ մարդ, կնիկն էլ օձ կըլնի՞։

— Միամի՜տ մարդ, էդ շապիկը ո՛ր չի հագնում, քու կնիկը օձ ա։ Քու կնիկը միս ո՞ւտում ա։

Ասեց.— Չէ՛։

Ասեց.— Օձ ա, ո՛ր օձ: Ես ստամբոլցի եմ, ես երկինք֊գետինք քննել եմ, ես չեմ գիտում օձ ա՞: Քեզ վեց տարի ժամանակ ա դրել, իրեքը անց ա կացե, մնացել ա իրեքը, հըլա երկուղ մի՛ անի, իրեք տարուց եդը նոր կսըպանի քեզ։ Ըտենց շատերին ա արել, սըպանել, էդ կարողությունը հավաքել ա:

Ասեց.— Վիրև աստված, ներքև դու, պտի ինձ ազատես, էդ անիրավիցը։

— Երկուղ մի՛ անի, կազատեմ։ Էս իրեք տարի ա ըսկի միս տարե՞լ ես տուն։

— Չէ՛:

— Ես չեմ դիդո՞ւմ՝ օձ ա քու կնիկը, միս չի ուտում։— Ասեց․— Իրիկունը իրան բան չասես, առավոտը կգաս ոչխարի մսի էն լավ տեղիցը կառնես, դուքանումը կպահես մինչանք իրիկուն, իրիկունը մախսուս մթնով կէթաս, կասես. «Ա՛յ կնիկ, ըսօր մուշտարին շատ-շատ էր, մաջալ չարի էփիլ տայի, առավոտվանից սոված եմ, վե կա՛ց, էս միսը խորոված արա՝ ուտենք»։ Կնիկդ խորոված կանի, դու զոռա՝ թող մի թիքա ուտի, եբոր կերավ, քնելու վախտը գնա դու դրսև, արի նեքսև. նա ո՛ր կէթա դուս՝ ինչքան տանը ջուր կա՝ թափա՛, մի փարչի միջի ջուր ածա, կախ տու, դու գնա քու տեղը մտի, քնի. երկուղ մի՛ անի. գշերվա մի վախտը եբոր ծարավացավ, էն ուղղակի կդառնա օձ. էն ժամանակը քու ջանը կսկսի սառիլը, դու երկուղ մի՛ անի, քեզ վնաս չի տա, թող վե կենա, էթա։ Կէթա, ջուր կխմի, կգա եդ, էլի կդառնա կնիկ, քու ծոցին կպառկի։ Եբոր լիսը բացվի, արի մոտը։

Էդ տղեն իրիկունը կնկանը բան չասեց։ Էգսի առավոտը էն գլխեն գնաց ոչխարի միսը առավ, բերեց դուքանումը պահեց, իրիկունը էկավ տուն, կնկանն ասեց.— Ըսօր մուշտարիս շատ-շատ էր, միսն առա, մաշալ չէլավ էփիլ տայի, մնաց, վե կա՛ց, խորոված արա՛, ուտենք։

Կնիկը վե կացավ, օջաղը վառեց, խորովածը արեց, դրեց մարդի առաջը, գնաց ղրաղ նստեց։

Ասեց.— Ա՛յ կնիկ, ես ուտեմ՝ բա դու ըտեղ նստե՜ս, ախար մեղք ա. սրա ֆոտը սաղ քաղաքը բռնել ա, դու մի կտոր էլ ա չես ուտում։

Ասեց.– Քեզ անուշ ըլնի՝ կե՛ր։

Ասեց.— Ա՛յ կնիկ, մի թիքա էլ ա կե՛ր։

Կնիկն ամոթու մի թիքա կերավ։

Հացը վե կալան, տեղերը քցեցին, մարդը գնաց դրսև, էկավ, կնիկը գնաց դրսև, մարդը տան միջի ջրերը քոմմա թափեց, մի փարչ ջուր լցրեց, պատիցը կախ արեց, էկավ պառկեց, քնեց։ Կնիկն էլ դրսևից էկավ՝ քնեց։ Կես գշերին մարդը տեհավ, որ ջանը սառեց, սառեց, սառելուն քիմի զարթնեց, տեհավ կնիկը օձ դառավ, տեղաշորիցը դուս էկավ, օթախի մեջը ֆշշալեն դե՛ս ման էկավ, դե՛ն ման էկավ, տեհավ փարչը կախ տված ա՝ բանձրացավ խմեց, էլի վեր էկավ, էկավ տեղաշորի մեջ մտավ, էլավ էլի կնիկ։

Առավոտը էդ մարդը վե կացավ, դո՛ւզ գնաց էն բազրկյանի մոտը, ասեց.— Ո՛նց որ դու ասել իր, ընենց էլ էլավ։

Բազրկյանն ասեց․— Ես չեմ գիտո՜ւմ, որ քու կնիկը օձ ա, ես ո՞վ եմ, ա՜յ հա՜յ։

Տղեն ասեց.— Վիրև աստված, ներքև դու, ինձ ազատա էդ անիրավի ձեռիցը։

Ասեց․– Երկուղ մի՛ անի, կազատեմ։ Էս իրեք տարվա միջին քեզ համար ըսկի գաթա թխե՞լ ա։

— Չէ՛:

— Էս իրիկուն, եբոր կէթաս, կասես. «Ա՛յ կնիկ, էս ա իրեք տարի ա քեզ առել եմ, մեկ օրից մեկ օր չասեցիր՝ մի գաթա թխեմ, մարդս ուտի. սիրտս գաթա ա ուզում, վե կա՛ց, էրկու հատ էլ ա թխա»։ Եբոր թունդիրը կվառի, կսկսի էփիլը, ոտիցը բռնա, քցա թունդիրը, խուփը դի՛ բերնին։ Կես սհաթից եդը խուփը վե կալ, կըլնի էրկու հատ կուտ, մինը բե ի՛նձ, մինը քե՛զ։

Էդ տղեն իրիկունը գնաց տուն, ասեց.— Ա՛յ կնիկ, սիրտս մի գաթա ա ուզում, էս ա իրեք տարի ա, գաթա չեմ կերե, վե կա՛ց՝ մի էրկու հատ էլ ա գաթա թխա՛, ուտենք։

— Շա՛տ լավ,— ասեց,— ա՛յ մարդ, ե՞բ ուզեցիր, որ ես չթխեցի։

Կնիկը առավոտը վե կացավ, գաթեն ունցեց, թունդիրը վառեց, բադիով ջուրը դրեց կողքը, ձեռը տվեց ջրին, տվեց գաթի քամակը, կռացավ, տվեց թունդրի կողին, երկրորդը տալու վախտը մարդը դրա ոններից բանձրացրեց՝ քցեց թունդիրը, խուփն էլ դրեց բերնին։ Մի կես սհաթ համբերեց։ Կես սհաթից եդը խուփը վե կալավ, տեհավ բան չկա միջին, էրկու հատ կուտ ա։ Կռացավ մեկը հանեց, ձեռները էրվեց՝ կուտը շըպռտեց, էլավ էրկու կտոր կռացավ էն մեկը հանդարտ հանեց, հանեց դրեց կողքը: Տեհավ ձեռները կեղտոտել ա, էն բադիի ջրի միջին ձեռները լվաց, տեհավ որ բադիի ջուրը դառավ ոսկի, բադիեն էլ դառավ ոսկի, եդ դառավ թամաշ արեց, որ կըտերն էլ են դառել ոսկի: Կըտի կեսը վե կալավ, տարավ բազրկյանին:

Բազրկյանն ասեց.— Ախար դու մի հատ սաղը պտի բերեիր:

Ասեց.— Ներողությո՛ւն, կեսն եմ բերե:

Ասեց.— Էս էլ բո՛լ ա:

Տղեն բազրկյանից շնորհակալություն արեց, գնաց իրանց տունը. մտածեց, ասեց.— Էթամ իմ կնկանը, էրեխեքանցս վեր ունեմ, բերեմ ըստեղ, մարդավարի ապրենք։

Առավոտը գնաց մի ձի առավ, մի ձեռք ասպար առավ, տունն ու դուքանը շինեց, ձին նիլլավ՝ գնաց: Գնաց, մի իրիկուն մութն ընկավ, հասավ իրա տունը: Դուռը ծեծեց, կնիկը գուս էկավ, տեհավ, որ մի ձիավոր, ասպարի միջին կորած, դռանը կաննած ա, վախեցավ:

Ասեց.— Ա՛յ կնիկ, դուռը բաց արա՛:

Ասեց.— Դու ո՞վ ես։

Ասեց.— Չե՞ս ճանանչում, ես եմ էլի, չե՞ս ճանանչում։

Ասեց.— Չէ՛, ո՞վ ես:

Ասեց.— Քո՛ւ մարդն եմ,— ասեց ու ձիուցը վեր էկավ, մտավ նեքսև:

Կնիկը տեհավ դրուստ իրա մարդն ա, ասեց.— Բարո՛վ ես էկե, էս ո՞ւր մնացիր։

Ասեց.— Եդացա, համա բո՛լ եմ աշխատե, էկել եմ քեզ տանեմ, էրեխեքանցը տանեմ։

Ասեց․— Ա՛յ մարդ, մենք ընտեղ չենք կարա ապրի, քաղաք ա, ծախսներս շատ կըլնի, ըստեղ գեղ տեղ ա, ո՛նց ուզենք, ընե՛նց կկառավարվենք։

Ասեց.— Ա՛յ կնիկ, մի՛ վախի, ընքան աշխատել եմ, որ քու օխտը պորտն էլ ուտի՝ չի հատնի։

Առավոտը վե կացան, էլած֊չէլածը բաշխեցին քյասիբ հարևաններին, իրանք գնացին իրանց թազա, տունն ու տեղը։

Նրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։

Երկնքից իրեք հատ խնձոր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անկաջ դնողին:

01.10.2021

Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր, խաղիկներ
Ծուղրուղու. ժողովրդական այլ շարժուն խաղեր
Ծուղրուղու. շուտասելուկներ
Ծուղրուղու. ժողովրդական հանելուկներ
Ծուղրուղու. օրհնանքներ

  1. Ընտրել խաղերից մեկը և կազմակերպել ընկերների հետ
  2. Ընտրել մի շուտասելուկ, սովորել և սովորեցնել ընկերներին
  3. Ընտրել մի քանի հանելուկ, սովորել և սովորեցնել ընկերներին
  4. Ընտրել մի քանի օրհնանք, սովորել և սովորեցնել ընկերներին

Ազգային տոները հեթանոսությունից մինչև քրիստոնեություն

Հայոց ազգային տոները տարբեր ժամանակներում տարբեր դրսևորումներ և վերաիմաստավորումներ են ունեցել: Սակայն այս տոների արմատներն այնքան խորն են եղել ժողովրդի ինքնագիտակցության մեջ, որ ժամանակի կրոնաքաղաքական փոփոխությունները նույնպես չեն կարողացել ազդել դրանց վրա: Հայկական մշակույթը հնուց ի վեր, մինչ օրս էլ, աչքի է ընկնում իր բազմաթիվ և յուրօրինակ ազգային տոներով: Մենք բոլորս այս տոները նշում ենք, որպես քրիստոնեական և եկեղեցական տոներ, սակայն այս տոների մեծ մասը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Այստեղ փորձել ենք առանձնացնել մի քանի ազգային տոներ, որոնք երկար ճանապարհ են անցել հեթանոսությունից մինչև քրիստոնեություն:

Սուրբ Զատիկն ու Անահիտ աստվածուհին

Ամբողջ քրիստոնյա աշխարհում Զատիկը համարվում է Քրիստոսի հարության տոնը: Զատիկ անվանումն առաջացել է զատել բառից, որը նշանակում է զատվել և հեռանալ մեղքերից: Այն համարվում է եկեղեցական 5 տաղավար տոներից մեկը և այս օրն ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հարությունը, իրար հայտնելով ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և ի պատասխան ստանալով՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Սակայն հայոց աշխարհում զատկի տոնի արմատները շատ ավելի հին են: Զատիկը հնում համարվում էր գարնանացանի տոնը և նվիրված էր Անահիտ դիցուհուն, ով էլ հովանավորում էր մայր հողի բեղմնավորումը:

Զատիկն այստեղ կրկին ծագում է զատել բառից, քանի որ հենց Անահիտն էր, որ միմյանցից զատում էր բնության գույները: Ըստ ավանդության, երբ ջրհեղեղից հետո Արացիները բնակություն հաստատեցին Արարատյան դաշտում, նրանք նկատեցին, որ ծիլ ու ծաղկունքն ամբողջությամբ գորշությամբ է պատված: Եվ Արիների նահապետ Մանը զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհուն՝ խնդրելով նրան, որպեսզի վանի գորշությունն ու իրենց վերադարձնի բնության հազարավոր գույները: Սակայն Անահիտը պատասխանում է, որ բնության գույները կարող է վերադարձնել միայն Հազարան հավքը, որը դյութիչ ձայնով երգում է և գույնզգույն ձվեր ածում, որով և նորոգվում են բնության գույները: Բայց այժմ հավքը պահվում է ստորգետնյա թագավորությունում, և Մանը պետք է ազատի և վեադարձնի նրան:

Մանը վերադառնում է Արարատ Հազարան հավքի հետ: Նա հավքին դնում է գետնին, և հավքը սկսում է երգել՝ բազմաթիվ գույներ ճառագելով և գույնզգույն ձվեր ածելով: Այնուհետև Անահիտը, գալով Արարատ, հավաքում է գույնզգույն ձվերը և շաղ տալիս ողջ դաշտով մեկ: Իսկ այնուհետև պատվիրում է հավքին բույն դնել Արարատ լեռան վրա և մշտապես գույներ տարածել երկրի վրա:

Եվ այդ օրվանից Արիները սկսում են ուրախ վարել և ցանել հողը, իսկ մանուկները, ջահել հարսներն ու աղջիկները մինչև ուշ երեկո երգում, պարում ու ձվախաղ են խաղում:

Ի տարբերություն քրիստոնյաների, ովքեր զատկի ձվերը ներկում են մուգ կարմիր գույնով (Քրիստոսի թափած արյան գույնը), Արիացիները զատիկի ձվերը ներկում էին բոլոր հնարավոր գույներով: Նրանց համար զատկի տոնի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ էր:

Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին

Վարդավառը քրիստոնյա աշխարհում տարածված է, որպես Քրիստոսի պայծառակերպության օր, որը նշվում է Քրիստոսի հարությունից հետո 98-րդ օրը: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն:

Հեթանոսական շրջանում Վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին: Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին, ինչպես նաև ամպրոպի աստված Վահագնի սիրեցյալը:

Ըստ ավանդազրույցի՝ Աստղիկը ծնվել է ծովի փրփուրներից և որտեղ որ քայլում էր, նրա ոտքերից կաթկթացող արյան հետքերի տեղում վարդեր էին բուսնում: Ատղիկ աստվածուհին նաև երկնքից վարդեր շաղ տալով հայ աղջիկներին օժտում էր աստվածային գեղեցկությամբ: Վարդավառը հայոց աշխարհում ամենասիրելի տոներից մեկն էր և տոնվում էր մեծ շուքով: Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր էին ցանում և իրար սեր ու գեղեցկություն տալիս: Տոնի ընթացքում նրանք փառաբանում էին Աստղիկին և միմյանց նվիրում տոնի խորհրդանիշը՝ վարդը:

Ըստ արիական ավանդույթներից մեկի՝ ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են սերն ու գեղեցկությունը, և նրանց հոգիներում բույն է դնում ատելությունը: Բոլորը դառնում են տգեղ ու անգութ։ Բայց Վահագնը, հաղթելով հրեշին, ազատում է Աստղիկին և, շրջելով Հայոց աշխարհով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։

Հնում մարդիկ Վարդավառը նշել են հիմնականում գետերի աղբյուրների կամ լճերի ափին՝ այնտեղ, որտեղ ջուրն առատ է եղել: Վարդավառը նաև համարվել էր ջրի տարերքի պաշտամունքի տոն: Հայերի մեջ տարածված են ջրի և անձրևաբերության հետ կապված բազմաթիվ ծեսեր: Ջուրն ասոցացվել է նաև կապույտ գույնի հետ, որը և՛ պարզություն, և՛ մաքրություն է խորհրդանշում: Համաձայն շումերական աղբյուրների, հայերը Հայա տիեզերական ջրերի և իմաստության աստծո որդիներն են, և ըստ «Սասնա ծռեր» էպոսի՝ հայերը պաշտել են ջուրը և իրենց համարել ջրից ստեղծված (Սանասար և Բաղդասար):

Վարդավառը համարվում է նաև խնձորի տոնը: Ընդունված սովորություն կար, որ մինչև Վարդավառ խնձոր չէին ուտում: Եվ Վարդավառին՝ խնձորի բերքի օրհնությունից հետո, նոր կարելի էր բերքը հավաքել և օգտագործել:

Մարիամ Աստվածածինն ու Անահիտը

Բոլորին ծանոթ է Մարիամ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը: Այն ևս հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը:

Ըստ ավանդույթի՝ Մարիամ Աստվածածինը Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի շարունակ այցելում է որդու գերեզմանին և աղոթում: Սակայն մի օր աղոթքներից մեկի ժամանակ նրան է այցելում Գաբրիել հրեշտակը և նրան հայտնում դեպի երկինք իր վերափոխվելու մասին:

Հայաստանում, քրիստոնեության ընդունումից հետո, Մարիամ Աստվածածինն ընդունեց Անահիտին վերագրվող բոլոր հատկությունները: Իսկ Անահտական տաճարները վերածվեցին Աստվածածին եկեղեցիների: Անահիտին նվիրված տոները վերագրվեցին Աստվածածնին, քանի որ ժամանակին Անահիտի մեջ էին ամփոփված կնոջ և մայրության բոլոր առաքինությունները:

Իսկ խաղողօրհնեքի ավանդույթները շատ ավելի հին են, քան քրիստոնեությունը և կապվում էին Նավասարդի տոնակատարությունների հետ: Հնում Անահիտ աստվածուհուն է նվիրված եղել նաև խաղողօրհնեքը, որը նշվել է որպես բերքի տոն: Խաղողօրհնեքի առաջին պտուղը նվիրաբերել են Անահիտին:

Հայոց դաշտերում և այգիներում փառաբանման ծես է կատարվել, որից հետո էլ սկսվել է բերքահավաքը: Տոնին մասնակցել են բոլորը, ինչն ուղեկցվել է տոնին հատուկ երգերով, պարերով և խաղերով:

Քրիստոնեության ընդունումից հետո Խաղողօրհնեքի տոնը միացվեց Մարիամ Աստվածածնի վերափոխման հետ: Սակայն այդ օրը եկեղեցում օրհնվում է միայն խաղողը, քանի որ այն համարվում է ազնվագույն մրգերից մեկը և, բացի այդ, խաղողից էր պատրաստվում նաև պատարագի գինին:

Տիրոջն ընդառաջ կամ Տրնդեզ

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի՝ Քրիստոսի ծնունդից 40 օր հետո նշում է Տյառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնը համարվում է Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր բոլորի համար:

Հնում տրնդեզը կրակին նվիրված տոն է եղել: Ըստ հին հայկական պատկերացումների՝ տրնդեզի վառվող կրակի բոցերն ավելի էին ջերմացնում արևին և այդպիսով մեղմում էին ցուրտը և արագացնում գարնան գալուստը: Քանի որ հայերն իրենց համարում էին Արևի որդիներ, նրանք պաշտում էին նաև արևի երկրային տեսակը՝ կրակը: Տոնի ժամանակ կրակի վրայով թռչելով՝ մեր նախնիները հաղորդակցվել են բնության տարրերի հետ: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ:

Հեթանոսական շրջանում Տյառնընդառաջի ծխի ուղղությամբ մարդիկ կատարել են գուշակություններ: Ծխի միջոցով մարդիկ գուշակել են տարվա բերքառատությունը: Ծխի ուղղությամբ նաև փորձել են գուշակել՝ որտեղից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի կրակը վառել են հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջ, իսկ դրա որոշ մասը շաղ տալիս կրակի վրա: Այնուհետև, երբ կրակի բոցն արդեն թուլանում էր, սկսում էին թռչել կրակի վրայով: Եթե կրակի վրայից թռչելիս փեշը անզգուշությամբ վառվում էր, դա համարվում էր հաջողության նշան:

Մուսալեռան բնակիչների մեջ տարածված է եղել նաև մի սովորություն, որ տանտիկինը Տյառնընդառաջի ժամանակ բացում էր տան դուռն ու պատուհանը, դուրս էր քշում ձմեռը և ներս էր հրավիրում գարունը:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` քրիստոնյաներն Աստծո սիրո հուրն են խնդրում, և կրակը ծառայեցնում են Աստծուն»:

Ծաղկազարդ թե ծառզարդար

Զատկի տոնից մեկ շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Այն խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Տոնի ժամանակ բացվում է եկեղեցու խորանը և մարդիկ եկեղեցուց օրհնված ուռենու կամ ձիթենու ճյուղեր են տանում տուն, որոնք էլ համարվում են չարխափան: Մարդիկ այդ ճյուղերը պահում էին տանը կամ ամբարներում, որպեսզի տարին առատ ու բարիքով լի լիներ և հիվանդությունները վերանային:

Սակայն, դեռևս հեթանոսական ժամանակներից մարդիկ տոնել են Ծառզարդարը, որը նվիրված է եղել ծառի պաշտամունքին: Այն հնում կապված է եղել բնության զարթոնքի, գարնան գալստյան և մեռնող և հարություն առնող բնության աստվածության հետ՝ Արա Գեղեցիկի հովանավորչությամբ: Հնում հայ ժողովրդի մեջ եղել է որոշ ծառերի պաշտամունք, ինչպիսիք էն՝ ուռենին, սոսին, խնկենին, կաղնին, որոնք ունեցել են տիեզերքի հավերժականության, պտղաբերության և կենաց ծառի խորհուրդ:

Հնագույն շրջանում ծառզարդարի տոնի ժամանակ սրբազան և խորհրդանշական ծառը զարդարել են գույնզգույն շորի պատառիկներով և տարբեր պտուղներով: Որոշ շրջաններում ծառերը զարդարել են ձվերով, ինչն էլ ունեցել է չարխափան նշանակություն:

Հնում ծառզարդարի տոնի ժամանակ էր կատարվում նաև անձրևաբերության ծեսը, որը կատարվում էր Նուրի տիկնիկների միջոցով: Աղջիկները պատրաստում էին տիկնիկը, այն պտտեցնում տնետուն՝ խնդրելով Նուրիին անձրև պարգևել չորացած հողին: Կա նաև կարծիք, որ տիկնիկը խորհրդանշում է ջրի՝ Նարե աստվածուհուն, և ծառզարադարի տոնն էլ հենց նվիրված է եղել նրա պաշտամունքին, քանի որ ջուրն այն կենսական տարրն է, առանց որի բնությունը չի կարող կենդանություն առնել:

Հեթանոսական շրջանում ազգային տոների մեծ մասը նվիրված էր աստվածների և բնության տարբեր տարերքների պաշտամունքին: Չնայած որ քրիստոնեության ընդունումով դրանցից շատերը փոխել են իրենց անվանումն ու խորհուրդը, բայց դրանցում գոյություն ունեցող մի շարք սովորույթներ մինչ օրս էլ պահպանել են իրենց արժեքը: Սակայն, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ տոներն ունեն նույն գործառույթը՝ այն է համախմբել մարդկանց տոնի և ծեսի ազգային գաղափարի շուրջ:

Սկզբնաղբյուրը

14.09.2021

Հեքիաթի խորհրդանիշները

1.Դրախտի կարգն է, արդար ու ներդաշնակ Արար աշխարհը:
2. Կատարւում է առաջին մեղքը, եւ այն կատարւում է այգու պահապանների՝ այգեպանների կողմից:
3. Մարդու մէջ պղծւում է Կենաց Ծառը՝ Մարդու աշխարհը: Մարդը զրկւում է մարդկային յատկանիշներից, Մարդու նշանից, վերածւում է վայրենու, գազանի:
4. Բնութեան, բնական տիեզերքի գաղտնիքները չեն օգնում, որովհետեւ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ՝ Մարդու աստուածային աշխարհը, դուրս է այդ ամէնից: Այս աշխարհի ճարը չի կարող փրկել մարդուն հոգեւոր աշխարհի աղաւաղումից:
5. ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔ
Նոյն՝ անմահութեան Եդեմական Ծաղիկը, Անմահական Ջուրը, Անմահական Խնձորը եւ այլն = Կենաց Ծառ, Կենաց Ծառի ջուրը, պտուղը եւ այլն:
Հէքիաթի մէկ այլ տարբերակի համաձայն՝ պէտք է բերել երեք բան.
ա) Հազարան Հաւքը (եւ թռչունները միաձայն կ’երգեն):
բ) Խօսող ծառը (հազարաւոր անտեսանելի բերաններ ունի, որոնք երգում են խմբովին, եւ բնութեան ձայները երբեք չեն կարող համեմատուել նրա հետ):
գ) Ոսկեցնցուղ Ջուրը (այն գերազանց է աշխարհի բոլոր աղբիւրներից ու գետերից, վտակներից ու ծովերից.
նրա մի կաթիլը ծով կը լցնի, անյատնում է, անսպառ, եւ այդ ջրից են իրենց ծարաւը յագեցնում Հազարան Հաւքն ու Խօսող Ծառը՝ իր հազարաւոր բերաններով):
6.Արեգն արդարութեան Արեգակի խորհրդանիշն է: Նա իր լոյսն անսպառ ու առատ սփռում է աշխարհի վրայ ու լուսաւորում մարդկանց միտքն ու հոգին եւ այլն:
7.Ճամփաբաժանը Կենաց Ծառի աշխարհի՝ տիեզերակարգի կենտրոնն է, Արարչի «տեղը», որից եւ որտեղից մեկնել եւ որին վերադառնալու են ամէնն ու ամէնքը: Այդ Կենտրոնում է «Լուս ու Մութ» պահը (արարչական ժամանակը), որից մեկնում են գիշերն ու ցերեկը: Սեւ կծիկ = գիշեր, սպիտակ կծիկ = ցերեկ:
8.ՄԵԾ ՈՒ ԼԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Իր անձի ֆիզիկական անվտանգութեան եւ ապահովութեան գերադասումը արդար գործից ու Մարդու ճանապարհից՝ Նպատակից: Ամենահեշտ ճանապարհը, որով կը գտնի վայելքներ, երկրային հարստութիւն եւ աղքատութիւն, բայց ոչ՝ Կենաց Ծառ: Նիւթական շահն առանց հոգեւոր շահի: Համաձայն է «փնտրել» Կենաց Ծառը միայն այն դէպքում, եթէ չլինի զրկանք, փշոտ ճանապարհ ու վտանգ:

ՄԻՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ.
Բովանդակութեամբ մեծ ճանապարհի մի տարբերակը՝ այն հիմնական տարբերութեամբ, որ պատահարն ու արկածախնդրութիւնն աւելի անապահով են դարձրել այս ճանապարհը:

ՆԵՂ ՃԱՆԱՊԱՐՀ.
Կենաց Ծառի ճանապարհը՝ դուրս երկրային օրէնքներից, ընտրեալի ճանապարհը՝ գերմարդկային ճիգեր պահանջող, հողեղէնի համար անհնարին: Անձնազոհութեան, անձնուրացութեան, հերոսութեան ուղին յանուն արարչական բանականութեան ու ոգեղէնութեան, ինչն ընտրեալին է միայն տրուած:
Կենաց Ծառը բերողը, դէպի Կենաց Ծառ գնացողը պէտք է գնա շիտակ, ուղիղ, անվախ ու վեհեր, հաւատով ու ոգու ուժով՝ արհամարհելով ու յաղթահարելով երկրային այն օրէնքներն ու սովորոյթները, որոնք իշխում են աղաւաղուած հասարակարգերում: Եւ ամբողջ հոգով պիտի նուիրուի Նպատակին, գնա առանց յետ նայելու, թէ չէ քարկը դառնայ (տե՛ս՝ ՍեւՍեւ քարերի մեկնութիւնը):
9.ՍԵՒ ԱՇԽԱՐՀ.
Կենաց Ծառի աշխարհի հողը = Հող տարերք (տե՛ս՝ տիեզերակարգը): Հող տարերքի զուգահեռ գոյնը սեւն է: Սեւ դեւը Կենաց Ծառի աշխարհի (տիեզերակարգի) ազնիւ տարերքը պղծող, աղաւաղող չար ուժն է, ինչպէս աստուածաշնչեան օձը: Այդ օձօձերն այն չար (ոչ ար) երեւոյթներն են, որոնք ապականում են Կենաց Ծառի տարերքները (բովանդակութիւնը, էութիւնը, կարգ ու կանոնը եւ այլն):
10. ԿԱՊՈՅՏ ԱՇԽԱՐՀ.
Կապոյտ ծով = Ջուր տարերք:
Երկաթէ Ձեռքը անարդար իշխանութեան խորհրդանիշ է. այն չար ուժն է, որ պղծել է կենտրոնը: Երկաթը կենտրոնի՝ Արարչի «տեղի» զուգահեռ մետաղն է:
11. ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀ.
Կարմիր աշխարհ = Օդ տարերք:
Նախագոյ Ջուր տարերքից են մեկնել միւս տարերքները (տե՛ս՝ «Է Արար». Տրոհում բաժինը): Քամի Ձին պահուած է ծովում (Ջուր տարերք), բայց երկինք բարձրանալով՝ վերաբերում է Օդ տարերքին: Օդ տարերքին յաջորդում է Հուր տարերքը (զուգահեռն է՝ Սպիտակ աշխարհը), եւ Քամի Ձին Արեգին տանում է մինչ եւ Հուր տարերք (Սպիտակ աշխարհ): Միջնադարեան ձեռագրերում երբեմն չորս տարերքները գրւում են այսպէս՝ Երկիր, Ջուր, Հողմ, Հուր: Այսինքն՝ Օդ տարերքն անուանւում է նաեւ Հողմ (Քամի): Հէքիաթի մէկ այլ տարբերակում Արեգը Քամի Ձին ձեռք է բերում Կարմիր աշխարհում (Օդ տարերք գլխաւոր գոյները՝ կանաչկարմիր, եղանակը՝ գարուն):
Հէքիաթի մէկ ուրիշ տարբերակում իւրաքանչիւր տարերքի աղջիկն Արեգին մի ձի է տալիս՝ համապատասխան տուեալ տարերքի գոյնին. այսպէս՝
Սեւ ձիՍեւ աշխարհում (Հող տարերք).
Կարմիր ձիԿարմիր աշխարհում (Օդ տարերք).
Սպիտակ ձիՍպիտակ աշխարհում (Հուր տարերք):
Իսկ Ծովի ձին վերաբերում է Ջուր տարերքին (Կապոյտ ծովԿապոյտ աշխարհ):
Հէքիաթի մեր հաւաքական տարբերակում Քամի Ձին երկակի էութիւն ունի: Ծովի մէջ՝ Կապոյտ աշխարհում, վերաբերում է Ջուր տարերքին, եւ տիեզերակարգում Ջուր տարերքում է Կոյս կենդանակերպին զուգահեռ Ծովին ար աստուածահին, որը ժողովրդական բանահիւսութեան մէջ ներկայանում է նաեւ որպէս երկնային ծովի, ամպրոպի աստուածուհի (ծովեանկայծակ հոմանիշներ են, Սասունցի Դաւիթ Էպոսում Ծովինարը ջրային էութիւն ունի եւ այլն, վերջինը ամենահին շերտն է): Քամի Ձին ելնելով Օդ եւ Արեգին հասցնելով Կարմիր աշխարհ՝ արդէն վերաբերում է Օդ տարերքին: Նոյն տարերքում է Այծեղջիւրին համապատասխան Վահագն աստուածութիւնը (այծկայծակՎահագն վիշապաքաղվիշապայծ. քաղ նշանակում է ե՛ւ այծ, ե՛ւ քաղել, դրանք կապ ունեն միմեանց հետ, Վահագնը ծնւում է կարմիր եղէգնից եւ այլն):
12. ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀ.
Սպիտակ աշխարհ = Հուր տարերք մետաղը՝ ոսկի:
Հուր տարերքի սկզբնական կենդանակերպերն են՝ Ջրհոս, Ձուկ, Խոյ: Սպիտակ ծով = Ջրհոս (ոսկի ծով): Ձուկը տանում է բերանով (տիեզերակարգում մարդու մարմնի մասերից բերանը համապատասխանում է Ձուկ կենդանակերպին): Դա հէքիաթներում հանդիպող նոյն Ոսկէ Ձուկն է: Արեգը յետոյ հասնում է Խոյին Լուսեղէն ապարանքի մօտ (տե՛ս՝ համապատասխան տեղում): Աժդահայ այն ուժը, որ վերջին ճիգերին նոր թափ է տալիս, որը հասցնում է Կախարդական աշխարհի սահմ անը: Նաեւ այն ուժն է, որ խորհրդանշում է գաղտնիքի փոխանցումը:
13. ՍԵՒՍԵՒ ՔԱՐԵՐԻ ՁԱՅՆԵՐԸ.
«Քար» աշխարհի՝ երկրային աններդաշնակ կեանքի՝ այս աշխարհի (հասարակական խառնաշփոթ աշխարհի) երկրայինի թելադրած դէպքերը, շրջապատի ընթացքը, կենցաղն ու երկրային մարդիկ (թէկուզ հարազատներ ու բարեկամներ), որոնք թելադրում են իրենցը (ոչ Աստծունը), եւ թելադրւում են իրենց նմաններից, կանչում են օգնութեան՝ ծառայելու աղաւաղուած աշխարհին՝ քաոսին՝ հրապուրանքների կանչը, որոնց եթէ տրուի մարդը՝ նայի շուրջը կամ՝ յետ, ապա քար կը դառնայ, զի դրանց տուածը քար է, եւ իրենք էլ քար են, ոչ՝ Կեանք: Հէքիաթի այլ տարբերակում դրանք մարդիկ են, որ գնացել են Հազարան Հաւքը բերելու, եւ կախարդը նրանց քար է դարձրել, կամ այդտեղ եղել է քաղաք եւ յանկարծ կախարդի ճիպոտի հարուածով ողջ քաղաքն արձանացել է:
14. ԼԵՂԻ ԳԵՏԸ.
Դա եղել է անապական, անմահական Ջուրը՝ Կեանքի ջուրը, Դրախտի ջուրը, որին խառնուել է լեղին ու թոյնը (ապականութիւնը):
Տիրուհին ինքը կախարդուած է, ապրում է կախարդուած աշխարհում, պղծուած «համակարգում»: Բայց ինքը՝ Տիրուհին, այս աշխարհից չէ, Արար աշխարհից է, կախարդել են նրան, եւ հէքիաթի մի տարբերակում նա ասում է, որ ինքը կախարդել է այս աշխարհը, որ մարդիկ չգան Հաւքի յետեւից: Արեգի համար այդ լեղի թոյնը նաեւ այս աշխարհի օրէնքների կապանքներով բռնուած սիրած աղջկայ տուած լեղիթոյնն է՝ խառնուած կեանքի ջրին: Իր բաժին «դառնութեան բաժակը», որ առանց տրտնջալու պէտք է խմի Արեգն ու շարունակի իր ճանապարհը: Համեմատի՛ր, Յիսուսին խաչի վրայ լեղի են մատուցում: Ի դէպ, սխոլաստիկ համակարգերում լեղին Հուր տարերքի (եւ Արեւի) զուգահեռն է:
15. ՓՇՈՏ ԱՆԱՊԱՏ.
Դա եղել է մարդու մէջ ապրող Դրախտի դաշտը, որ անապատ է դարձել: Անապատը մահ է ու դատարկութիւն: Դրախտի ծաղիկը մարդու հոգում չորացել, դարձել է փուշ, եւ այդ մեծ ողբերգութիւնը, ահն ու մահը չեն տիրում Արեգին: Արեգն անտրտունջ քայլում է այդ դաշտով, հոտ քաշում փշից ու ասում. «Ա՜խ, ինչ անուշ է, իսկը դրախտի ծաղիկն է»:
16. ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐ.
Մարդուն ճանապարհից շեղող ու յաղթող զուարճութիւններն ու զաւեշտները (սրանք գայթակղութիւն ու թակարդ են), անմիտ ու աննպատակ բախտախնդիրները, որոնք մարդուն քաշում են իրենց խաղի մէջ: Երբ մարդն արհամարհում է դրանց, եւ երբ տեսնում են, որ չեն կարող յաղթել մարդուն, դարձնել իրենց նման, ապա սկսում են ծաղրել, անպատուել, հայհոյել, թքել, որպէսզի այս անգամ մարդուն քաշեն՝ ներգրաւեն խաղպայքարի, իրենց «կռուի» մէջ, եւ դրան տրուելով՝ մարդն անտեղի ու զուր կռիւ կը մղի, եւ թուացեալ յաղթանակն էլ պարտութիւն կը լինի: Մարդը պէտք է առանց ուշադրութիւն դարձնելու դրանց՝ գնա Արարչի նշած ճանապարհով, դէպի մեծ Գործը, դէպի Յաղթանակ, դէպի Կենաց Ծառ: Եւ եթէ մարդը խեղկատակների ապտակին ապտակով պատասխանի, ապա այդպէս էլ կը շարունակի, կը դառնայ նրանց նման, եւ կ’ընթանայ անվերջ, անիմաստ, հիպնոսային տուրու դմփոցը կամ «պայքարը»: Եթէ մարդն ուշադրութիւն դարձնի երկրային այդ ծաղրին, ապա միայն դուրս կը գայ հաւասարակշռութիւնից, կամ իր ջանքերը զուր կ’անցնեն, կը կորցնի ճանապարհը, զի ծաղրում են ոչ թէ չիմանալուց (այս աշխարհի ոչ իմանալն է իմանալ, ոչ էլ չիմանալն է՝ չիմանալ), այլ հէնց՝ այդ ծաղրն ու հայհոյանքը միայն ճանապարհը կտրելու, մարդու ընթացքը կանգնեցնելու համար է: Բայց իրենց (այս աշխարհի) ոչ յաղթանակն է յաղթանակ, ոչ պարտութիւնն է պարտութիւն, զի այս աշխարհի ոչ լաւն է լաւ, ոչ վատն է վատ: Ասուածից պէտք է պարզ լինի, որ «այս աշխարհ» ասելով՝ նկատի չի առնւում ֆիզիկական աշխարհը, բնութիւնը, այլ նկատի է առնւում մարդու ներաշխարհի չարը, հասարակական կեանքի չարը, զի չարն ու բարին մարդուն են վերաբերում: Բարին Կենաց Ծառի աշխարհն է մարդու մէջ: Չարը մարդու կողմից այդ աշխարհի աղաւաղումն է, ոչնչացումն է իր մէջ, այսինքն՝ Մարդկայինի ոչնչացումն է:
17. ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ԼՈՒՍԵՂԷՆ ԱՊԱՐԱՆՔ.
Աստծոյ տաճարը՝ հոգեւոր երկինք տաճարը, ուր պահւում է Կեանքի Ծառը, աստուածային խորհուրդը, արուեստի եւ հոգու շնորհը: Այդ Տաճարն աղաւաղուել է մարդկանց մէջ կամ քնած է նրանց ներսում, եւ չեն լսում Տաճարի կանչը:
18. ԽՈՅ ԵՒ ԱՌԻՒԾ.
Խոտը եւ միսը դնելով իրենց ճիշտ տեղերում՝ Արեգը կարգաւորում է տիեզերակարգը (քանզի խառնուած էր): Այսօր ամռան 3րդ ամսում ծնուածի կենդանակերպը համարւում է Առիւծը: Սակայն այդպէս չի եղել հնում: Հնագոյն համակարգում ամռան 3րդ ամիսը համապատասխանել է Խոյ կենդանակերպին (Հուր տարերքԱմառԽոյ): Այսինքն՝ Արեգը վերականգնում է Սկիզբը, սկզբնական անխառն եւ անշարժ տիեզերակարգը:
19. ա) ԲԱՑ ԴՈՒՌ.
Այն աղաւաղուած համակարգը, որը տեսանելի է, մակերեսում է եւ յայտնի է այս աշխարհին: Արեգը փակում է այդ դուռը:
բ) ՓԱԿ ԴՈՒՌ.
Այն պահպանում է Սկզբի անաղարտ համակարգը: Այն ծածուկ է. տեսնում են եւ չեն տեսնում: Արեգը բացում է փակ դուռը, բացում է գաղտնիքի ճանապարհը, որպէսզի տիրանայ բացայայտ ճշմարտութեանը:
20. ՔՆԱԾ ՏԻՐՈՒՀԻՆ.
Արարչի աշխարհի, Արեգի աշխարհի աննման աղջիկը կախարդուած քնած է:
ԱՍՏՂԸ ՃԱԿԱՏԻՆ.
Դա Արար աշխարհի գոյնով վառուած տարաշխարհիկ աստղն է: Չքնաղ Տիրուհին տարաշխարհիկ է, եւ իր ճակատին աստուածային երկնքի աստղն է վառւում:
ՄՈՄԵՐ.
Ոսկին Հուր տարերքի եւ Արեւի խորհրդանիշ մետաղն է եւ տիեզերակարգում համապատասխանում է մարդու գլխին: Այդ պատճառով էլ ոսկէ մոմակալը աղջկայ գլխավերեւում է գտնւում:
Արծաթը Հող տարերքի զուգահեռ մետաղն է եւ համապատասխանում է մարդու ոտքերին:
ՄԱՀԻԿԱՁԵՒ ԼՈՒՍԻՆԸ ԱՂՋԿԱՅ ԿՐԾՔԻՆ.
Մահիկաձեւ լուսնի խորհուրդը մահն է (քունը): Կենաց Ծառի կամ Արար աշխարհի պղծման պատճառով աղջկ այ վրայ մահաբեր քուն է եկել:
Այլ հէքիաթներում չար կախարդն աղջկան քար է դարձնում կամ թունաւոր խնձորի միջոցով մահաբեր քնի է մատնում աղջկան: Եւ երբ թագաւորի տղան սպանում է կախարդին եւ համբուրում է աղջկան, աղջիկը կենդանանում է, արթնանում, յարութիւն է առնում: Այլ տարբերակում կախարդուած աղջիկն ինքն էլ է կարողանում կախարդութիւններ անել, քանի որ ապականուած աշխարհի հետ հաշտուած թագուհին ինքնաբերաբար դառնում է ստի եւ կեղծիքի ծառան: Իսկ Կենաց Ծառի եւ Ճշմարտութեան ծառան արդարութեան եւ սիրոյ թագուհին է:
Հէքիաթի այլ տարբերակում աղջիկն Արեգին ասում է, որ մարդիկ ապականել են աշխարհը եւ իր կախարդանքի վախից չեն եկել Հազարան Հաւքի յետեւից:
Այլ տարբերակում նա կոչւում է վայրի աղջիկ, եւ այդ աղջիկը եօթ օր քնում է, եօթ օր արթուն մնում: Այսինքն՝աղջիկն արթնութեան, արդարութեան եւ քնի ու կեղծիքի մէջտեղում ասես մոլորուած լինի: Այս դաժան աշխարհի մոլուցքը, երկրային կարգն ու երկրայինները քուն են բերել աղջկան ու մահ սփռել աչքերին:
21. ԱՂՋԿԱՆ ՆԱՅԵԼՆ ՈՒ ՀԱՄԲՈՒՐԵԼԸ.
Արեգն այստե՛ղ միայն չի ենթարկւում տրուած խրատին: Դեւերին յաղթողը, հողեղէն մարդու համար անհնարին փորձութիւններից անցնողը նայում ու «յաղթւում» է սիրուց: Սակայն այդ համբոյրն է յետոյ յարութիւն տալիս աղջկան, այդ նայելու եւ համբոյրի արդիւնքում նրանք հասնում են իրար, եւ Սէրն է թագաւորում: Չնայելը նշանակում էր չտրուել, որն այլ բան է: Աղջիկը քնած էր այս աշխարհի պատճառով, եւ եթէ Արեգը ենթարկուէր նրան, ապա ինքն էլ կը դառնար կախարդուած եւ յաւիտեան կը մնար այնտեղ: Այնինչ Արեգը պէտք է Հազարան Հաւքը տանի, որ փոխի աշխարհը: Արեգը համբուրում է, բայց յաղթում է ինքն իրեն եւ չի մնում այնտեղ:
ԱՐԵԳԸ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Է ՄԱՏԱՆԻՆԵՐԸ.
Արծաթը, որ բոլորած Լուսնի զուգահեռ մետաղն է, դնում է աղջկայ մատին, իսկ ոսկին (Արեւի մետաղը) վերցնում է իրեն: Արեգն Արեւն է, Աղջիկը՝ Լուսինը (մահիկաձեւ լուսինը մահ է, իսկ լիալուսինը՝ կեանք ու լոյս Հող տարերքում):
Փաստօրէն, Արեգը կատարում է նշանդրեքի խորհուրդը (նշանուելիս աղջիկն ու տղան մատանիներ են փոխանակում): Հնագոյն հարսանեկան երգերում փեսային անուանում են Արեւ, հարսին՝ Լուսին:
Կուրծքը բացելը նշանակում է, որ Արեգը բացում է աղջկայ սիրտը, որ փակ էր եւ իր վրայ էր կրում քուն բերող մահիկաձեւ լուսինը: Մոմերի փոխելն ու շորերի քանդելը նշանակում է, որ քանդում ու խառնում է աղջկայ այդ աշխարհը, խախտում է այդ տեսակ անդորրը: Դա նկատում է աղջիկն արթնանալուց յետոյ եւ խուճապի մատնւում:
22. Ձայն են տալիս 4 տարերքները, տիեզերակարգում փոփոխուած միաւորները, եւ աւելի անտանելի խաղեր են յորինում խեղկատակները, զի խուճապահար տեսնում են, որ արդէն Արեգի ձեռքում է Կենաց Ծառը, որն իրենց վերջն է բերելու:
23. Հազարան Հաւքն ունենալով իր ձեռքում՝ Արեգը սուրում է առաջ, եւ յետդարձի ճանապարհը դառնում է հեշտ ու թեթեւ:
24. ՃԱՄՓԱԲԱԺԱՆ.
Տիեզերակարգի կենտրոնն է՝ Արարչի «տեղը», որտեղից սկիզբ են առել եւ ձեւաւորուել աշխարհակարգի միաւորները:
25. Արեգն ասում է. «Մէկ չի՝ դուք տարած, թէ՝ ես», որովհետեւ Արեգի համար իր անձը կարեւոր չէ: Իսկ եղբայրների համար կարեւորն իրենց անձն է, իրենց փառքը: Եւ եղբայրներն առեւտուր են անում մի բանի համար,որը դուրս է առեւտրից:
26. ՋՐՀՈՐ.
Արեգն ընկնում է այնտեղ, ուր վերջանում է ջուրը եւ շարունակւում է մութ հորը: Այդ մութ հորը, մութ դժոխքը խորհրդանշում է նաեւ դժոխքը, թաղումը: Արեգն իջնում է Ստորերկրեայ թագաւորութիւն՝ քանդելու դժոխքը: Եղբայրն երը կտրելով պարանը՝ կտրում են ճանապարի կապը: Արեգը յաղթել էր չար ուժերին, սակայն ամենամեծ վտանգը եկաւ հարազատներից, քանզի ամենավտանգաւորը «բարեկամ»թշնամին է, որի զէնքը «հարազատութիւնն» է, վստ
ահութիւնը չարաշահելն է, խաբէութիւնն է, մարդու սիրուց ու նուիրուածութիւնից օգտուելով՝ դաւաճանելն է:
27. Հաւքը չի երգում, որովհետեւ եղբայրներն անարդար են: Անարդար հողեղէն մարդը չի կարող միջնորդ լինել աստուածայինի եւ մարդկանց միջեւ, զի ինքն իր մէջ չի կրում արարչական լոյսը: Բայց նմանները պղծում են սրբութիւնն ու ճշմարտութիւնը, ապրում են այս աշխարհի մոլուցքով ու կարգով, կտրում են Լոյսը բերողի ճանապարհը, իրենք իրենց դնում ընտրեալի դերում (նոյնիսկ հաւատալով դրան), իրենց ներկայացնում աշխարհի շինարարներ, ճշմարտութեան քարոզիչներ: Սակայն իրականում իրենք էլ չեն դա անում, իրենք ոչինչ չեն կարող անել (զի քնած են կամ ոտքի վրայ մեռած), այլ՝ դա պատահում է իրենց հետ:
28. Մէկ այլ տարբերակում ասւում է, թէ՝ ով բերել է Հաւքը, նա էլ կարող է երգեցնել: Երկու տարբերակն էլ նոյն իմաստն ունեն, քանզի Հաւքը կ’երգի այն ժամանակ, երբ ե՛ւ տղան գայ, ե՛ւ աղջիկը գայ, երբ սէրը յաղթանակի:
29. ԱՐԾԻՒ.
Ար+ծիւ (թռչուն) = արիական թռչուն:
ՀՈՐ ԸՆԿՆԵԼԸ Մահ՝ թաղում:
ՀՈՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ յարութիւն առնել
Օձ Կենաց Ծառը պղծող օձը:
Արեգը յարութիւն է առնում, որովհետեւ փրկում է արծուի (արիական թռչունի) ձագերին եւ սպանում է օձին: Քրիստոսը մեռնում է խաչի վրայ, թաղւում է, իջնում դժոխք, քանդում դժոխքը, փրկում իր հօտը, ոտքի տակ առնում չար օձին, յարութիւն առնում:
Հէքիաթի այլ տարբերակում մի ծովի մօտ եղբայրները կապում են Արեգի ձեռքերը, հանում են աչքերը եւ Արեգին գցում են հորը: Երկնքից իջնում է արծիւը, արձակում է կապերը, հանում է Լոյս աշխարհ, իր փետուրից քսում է տղայի աչքերին եւ առողջացնում: Հորից դուրս գալու մէկ այլ տարբերակ նկարագրւուած է «Լուս ու մութ աշխարհ» հէքիաթում:
30. ՏԻՐՈՒՀԻՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է.
Արեգը համբուրել էր աղջկան, յաղթել կախարդանքին եւ տիրացել Հազարան Հաւքին: Տիրուհին արթնացել է եւ խուճապի մատնուել, քանի որ ոչ նախկին վիճակն ու կարգը կայ (Արեգը խառնել ու քանդել է նրա մօտ եղած դասաւորութիւնը), ոչ էլ նոր կարգը կայ:
Այլ տարբերակում աղջիկը, տխուր ու մոլորուած, ձեռքերը ծալած, նստում է ապարանքում: Յետոյ Արեգը, սիրով ու կարօտով վառուած, ու Հազարան Հաւքը երգեցնելու նպատակով գնում է աղջկայ մօտ, եւ երկուսով գալիս են Արեգի հօր այգին:
Մէկ ուրիշ հէքիաթում կախարդը քուն է բերում աղջկան, Արեգը սպանում է կախարդին, համբուրում է աղջկան, եւ աղջիկն արթնանում է:
Այլ հէքիաթում աղջիկն անցնելով փորձութիւնների միջով, փախչելով Սպիտակ դեւից՝ մտնում է մի սարի մէջ, ուր քնած է թագաւորի տղան՝ Արի Արմանալին: Աղջիկը համբուրում է տղային եւ արթնացնում նրան:
Քնած մարդը նախ պէտք է արթնանայ՝ գիտակցելու համար իր վիճակը, տեսնելու համար ճշմարտութիւնն ու կեղծիքը, գիտակցելու համար նորից նոր իբրեւ Մարդ ծնուելու անհրաժեշտութիւնը, որպէսզի յարութիւն առնի:
31. Արեգը կարգաւորել է տիեզերակարգը, այդ պատճառով էլ Խոյը, Առիւծը, դռները օգնում են նրան:
32. Աղջկայ արթնանալուց յետոյ աղաւաղուած համակարգը կրող ողջ շրջապատը դէմ է դուրս գալիս, պայքարում է իր հաստատման համար, սպառնում է: Բայց այդ սպառնալիքը տեսիլք ու խաբկանք է միայն, գոյութիւն չունի, հիպնոսային երեւոյթ է (զօրքը չկայ, մարդկանց աչքին է զօրք երեւում): Այդպէս խաբկանք է աղաւաղուած ու աններդաշնակ իրական համարուող աշխարհը, եւ ճշմարիտ գոյութիւնն է Կենաց Ծառի արդար աշխարհը: Տիրուհին մոլորուած է: Ողջ փոփոխուած ու խառնուած «համակարգը» Արեգի սիրած աղջկայ հետ միասին ոտքի է ելել՝ սպառնալով ու պահանջելով Հաւքը տանողին:
Զօրքն իրական չէ, եւ մարդիկ չեն տեսնում այն համակարգը, որի մէջ ապրում են, այլ ամէն բան կատարում են կուրօրէն, ինչպէս քնած, կոյր ու խուլ մեքենաներ:
Եւ աղջիկը դեռ չի տեսել Արեգի ճակատին վառուած Արար աշխարհի Սէրը, դեռ չի ճանաչել Կենաց Ծառը փնտրող տղային, ով սիրում է իրեն:
Աղջիկն արթնացաւ տեսնելու համար, սակայն դեռ պէտք է յարութիւն առնի՝ կրելով Ճշմարտութիւնն ու Սէրը:
ԳԻՐ ԱՆԵԼ.
Նշանակում է կախարդել, որ կոչւում է նաեւ կապ կապել, մոգութիւն անել:
33. ՋՈՒՐ ՇԻՆԵԼ.
Նշանակում է Ջրյեղեղ: Երբ ամէն բան ջուր է դառնում, մարդու մէջ իսպառ փլուզւում է Կենաց Ծառը, վերանում է մարդու նշանը, աղաւաղուածն էլ է վերանում, մարդու միտքը ջուր է կտրում, եւ այդ ջրերի մէջ խեղդւում է մարդը՝ մարդկային յատկանիշները, մնում է միայն քայլող վայրենին, քանզի Մարդը նա է, ում մէջ մարդկութիւն կայ: Սա մահուան ջուրն է: Կայ նաեւ կեանքի ջուրը, որի մասին հէքիաթներում ասւում է, որ նրա մէկ կաթիլով ծով եր ու ովկիանոսներ կ’առաջանան, եւ որ այդ ջրով է ջրւում Կեանքի Ծառը:
34. Յաւերժական դրախտի կարգն է հաստատուած: Յաթանակում է բանական հոգով մարդը: Գազանացած մարդը կրկին Մարդ է դարձել, կայ Մարդու նշանը:

14․09․2021

Հազարան հաւք

Ա մաս
I
ԱՐԱՆ ԹԱԳԱՒՈՐՆ ՈՒ ԱՆՄԱՀԱԿԱՆ ԱՅԳԻՆ

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գէլը միշտ խաղում էին իրար մօտ, երբ գետերը կաթն ու մեղր էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սէրն ու հանգիստն անվրդով, արեւլուսի կողմերում թագաւորում էր բարի Արան թագաւորը:

Էն երկնքի պայծառ արեւի նման ամէնքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագաւորը, էն գարունքուայ անձրեւի նման ամէնքի վրայ էլ հաւասար թափւում էր նրա բարութիւնը:
Էսպէս թագաւորեց երկար ժամանակ:
Երբ որ ծերացաւ, միտք արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենից յետոյ բարի յիշատակ մնայ աշխարհքի երեսին: Ու եօթը ճամբի մէջտեղում շինեց Անմահական մշտադալար այգին: Անմահական այգի մի ասի՝ մի դրախտ ասա. լիքը զրնգուն աղբիւրներով ու կարկաչուն վտակներով, հազարագոյն ծաղիկներով, ամէն տեսակ երէներով ու երգող նախշուն հաւքերով: Այգու մէջ էլ այգեպաններ դրեց ու պատուիրեց, որ դուռը միշտ բաց պահեն. ով ուզի մտնի, ուտի, տանի, եկողգնացողին «չէ» չլինի:
Ու եօթը ճամփով ամէն կողմից արձակհամարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում ուտումխմում, լիանում, անց կենումգնում:1)

* * * *

II
ՊԱՌԱՒԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագաւորի քաղաքում մի աղքատ պառաւ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառաւի տղէն հիւանդանում է, ու սիրտը խաղող է ուզում:

— Նանի՛, ի՛նչ կը լինի՝ ինձ համար խաղող ճարես, թախանձում է մօրը:

Մէրը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս:
Մօր սիրտ է, յետ չի դառնում, ասում է, թէ՝ որդիս հիւանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն, մի քանի ճիթ խաղող տուէք: Այգեպանները թէ՝ այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա՛: Ու այգեպաններից մէկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում:
Ճիթն ընկնում է գետնին, բոլոր գիլաները թափւում են, դէս ու դէն ցրւում, կորչում: Պառաւը հազիւ մի քանի գիլայ հաւաքում, բերում տալիս է հիւանդ որդուն: Հիւանդն ուտում է ու թէ՝ նանի՛, էս մի քանի պտուղով սիրտս չհովացաւ. գնա՛, մի ճիթ էլ բեր: Պառաւն էլի վեր է կենումգնում: Հասնում է այգեպաններին:
Ինչքան խնդրում է, աղաչումպաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները յետեւից փակում: Պառաւը դառն ու դատարկ յետ է գալիս: Գալիս է տեսնում՝ որդին, խաղող կանչելով, մօրն է սպասում: Էդպէս խաղող կանչելով էլ էն գիշեր պառաւի որդին մեռնում է:2)

* * * *

III
ՊԱՌԱՒԻ ԱՆԷԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառաւը վեր է կենում, ձեռները դէպի երկինք տարածում ու ճառագած արեւի դէմը կանչումանիծում է.
-Ո՜վ լուսեղէն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստուած,
Դո՛ւ, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծէր, ծովերն անտակ՝
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ, գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսի՛ր, ծերացած խեղճ մօր անէծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց՝
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպէս որդիս իր մօր գրկին
Գնա՜ց՝ կարօտ, աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կեանքից
Կարօտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք գազան` չար ու ապուշ:

Պառաւն անիծում է թէ չէ, Աստծոյ հրամանով Այգին չորանում է. կանաչ տերեւը թափւում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թաւուտներն ու սկսում յօշոտել իրար եւ՝ ում կարողանան:3)

* * * *

IV
ԾԵՐՈՒՆԻ ՀՐԷՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագաւորին: Զարհուրում է ծերունի Արան թագաւորը իր ոսկի գահի վրայ:
Հրաման է հանում, կանչում, հաւաքում իր տէրութեան՝ աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ով է տեսել կամ ով է իմացել էս տեսակ մի բան, էսպէս մի տեսիլք: Էս ինչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրայ: Ինչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնայ, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագաւորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցաւի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ յետ են գալիս, թէ՝ թագաւորն ապրած կենայ, չգտա՛նք:4)
Թագաւորը մէնակ փակւում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ յանկարծ նրա առջեւ հրաշքով յայտնւում է մի սպիտակահեր, ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկ այ ծերունի:
Ասում է.
— Արան՝ թագաւոր, քո ցաւի ճարը Հազարան Հաւքն է, որ երգում է հազար ձէնով ու հազար ձեւով ու երգի հետ բուրեան մշտադալար վարդ է թափում փնջերով:5) Եթէ Հազարան Հաւքը մի օր արշալոյսին երգի քո Այգում, Այգին կը կանաչի, փուշը վարդ կը ծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գէլ ու արջ, նորից կը դառնան մարդիկ, ազնիւ, լաւ ու բարի մարդիկ:
— Բայց որ երկրում, որ անտառում, որ սարում է երգում Հազարան Հաւքը, հարցնում է Արան թագաւորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհում, պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքւում թագաւորի աչքից:

* * * *
V
ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագաւորը երեք որդի է ունենում՝ մեծ, միջնէկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագաւորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում:
Ասում է.
— Ա՛յ որդիք, տեսնում էք՝ մեր տէրութեան զարդն ու փառքը փչացաւ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հաւքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք էք, նժոյգները նստեցէք, զէնքերն առէք, գնացէք Կախարդական աշխարհքը, Հազարան Հաւքը գտէք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնայ, գազանը՝ մարդ:
Յետոյ միտք արեց ու աւելացրեց.
— Իսկ դու, Արե՛գ, դեռ փոքր ես, մնա տանը:6)
Մեծ տղէն ու միջնէկ տղէն ձի են նստում, ճամբայ ընկնում: Փոքր ախպէրն էլ է ուզում գնայ, չեն թողնում:
Բայց չի լինում. ինչ անումչեն անում, չե՛ն կարողանում յետ պահել. սա էլ վեր է կենում նրանց յետեւից գնում:

* * * *

VI
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱՅ ԾԵՐՈՒՆԻՆ

Որտեղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհք, քեզ ենք գալիս: Գնո՜ւմ, գնո՜ւմ, շատ են գնում, թէ՝ քիչ, էդ էլ Աստուած գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփայ բաժանւում են. մէկը՝ մեծ, մէկը՝ միջնէկ, մէկն էլ՝ նեղ: Ճամփաբաժանում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի, գլուխը՝ ամպերում, ձեռին՝ սեւ ու սպիտակ կծիկներ: Սեւ կծիկը բաց է թողնում, սպիտակը հաւաքում, սպիտակը բաց է թողնում, սեւը հաւաքում:
-Բարի օր, ասում են, պապի՛, էդ ինչ ես անում:
-Գիշերցերեկ եմ կծկում, որդի՛ք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:7)
-Հապա, էս ճանապարհները ուր են տանում, հարցնում են տղէրքը:
-Էս լէն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղութիւն չի պատահի. ով գնացել՝ յետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է յետ գալ, կարող է յետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչեւ օրս յետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ յե՛տ չի՛ եկել:8)
Առաջ մեծ ախպէրը մեծ ճամփէն բռնում է գնում: Յետոյ միջնէկ ախպէրը միջնէկ ճամփէն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնայ, ծերունին ասում է.
-Մեղք ես, թագաւորի տղայ, յե՛տ դառ էդ ճամփից, քանի ուշ չի, դարձի՛ր գնա քո աշխարհքը, քո հօր տունը, ինչ ես քո մահի յետեւ ման գալի:
-Չէ՛, պապի, ասում է Արեգը, ինչ էլ որ լինի, պէտք է գնամ: Մեր Անմահական այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պէտք է գնամ Կախարդական աշխարհքից Հազարան Հաւքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնայ, գազանը մարդ դառնայ:
-Հա՛, հա՛, հա՛, քահքահ խնդաց հսկայ ծերունին, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել: Խիզա՛խ տղայ, սարեր կան էն ճամփէն կապած՝ թռչունը չի անց կենում, խորանդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սեւանում, հուր անապատ, որն անցնելու ամբողջ կեանքդ հերիք չի, ամէն քայլում՝ դեւ ու հրէշ, ամէն կողմից՝ փոթորիկ, օձն իր պորտով, հաւքն իր թեւով չի հասնի էնտեղ…
Արեգը առաջ է գալիս ու կանչում.
-Ի՜նչ են դեւեր ու հրէշներ, երկիւղ չունեմ ես, պապի՛, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հաւքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնայ:
-Դէ որ էդպէս է, ասում է ծերունին, արի քեզ օրհնեմ, կտրի՛ճ տղայ, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարո՛վ դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթուեն առաջիդ, դեւեր, հրէշներ դառնան անվնաս, կասկած ու երկիւղ երբեք չիմանաս:
Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դէպի Կախարդական աշխարհք:

* * * *

VII
ԱՐԵԳԸ ՍԵՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում, հասնում է Սեւ աշխարհ:9) Տեսնում է երկինքը՝ սեւ, գետինքը՝ սեւ, հողը՝ սեւ, ջուրը՝ սեւ, փետը՝ սեւ: Էս սեւ ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սեւ, բարձր տուն, ու տանից մի աղջկայ լացի ձէն է գալիս: Վերեւ է նայում, լուսամուտի մօտ տեսնում է՝ մի շարմաղ, լուսեղէն աղջիկ ձէն է տալիս.
-Ափսո՜ս, կտրի՛ճ, ա՜խ, ուր եկար էս աշխարհքը՝ սեւ ու մութ: Փախի՛ր արագ, անա՛հ տղայ, սիրո՛ւն տղայ, թէ չէ ուր որ է՝ Սեւ մարդակեր դեւը կը գայ, հազար պատառ կ’անի քեզ…
-Սիրուն աղջիկ, ով ես դու, ինչու ես լալիս, հարցնում է Արեգը:
-Սեւ դեւն եկաւ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեցբերեց էս սեւ բանտում փակեց, զրկեց պայծառ արեւից, լոյսից… Նրա ժամն է, հիմա որսից կը գայ: Փախի՛ր, փախի՛ր, կտրիճ տղայ…
-Ես վախ չունեմ, սիրո՛ւն աղջիկ, ասում է Արեգը, ինչ սեւ հրէշ կ’ուզի թող գայ, դու ինձ ասա՝ որ կողմից է դեւը գալու…
-Էն սեւ սարի տակից կ’երեւայ. եօթը ագահ գլուխ ունի, մէջտեղի գլխին պիտի զարկես մէկ անգամ, ու որ դեւը խնդրի քեզ, թէ՝ մի՛ն էլ, մի՛ն էլ զարկի, էլ չզարկես, յիշի՛ր, է՛լ չզարկես, կտրի՛ճ տղայ…
Յանկարծ Սեւ աշխարհքը աւելի մթնեց, դեւի ձէնից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մէկ էլ սեւ ամպի նման եկաւ եօթ գլխանի Սեւ դեւը, բերանից սեւ կրակ շաղ տալով՝ եկա՜ւ, եկա՜ւ, Արեգին տեսաւ ու գոռաց.
— Ով ես դու, ա՛յ հողածին, հաւքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ոնց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կը թողամ…
— Արի Արեգն եմ ես, քո սեւ մահն եմ բերել, կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սեւ դեւի մէջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թաւալւում է գետնին ու շունչը փչելով՝ մռնչում.
— Մի՛ն էլ զարկիր, մի՛ն էլ…
— Ես իմ մօրից մին եմ ծնուել, մի՛ խօսք ունեմ ու մի՛ զարկ, ասում է Արեգը, ու Սեւ դեւը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է:
Սեւ դեւը սատկում է թէ չէ, արեւ է բացւում Սեւ աշխարհքի վրայ: Էստեղ աղջիկը խնդրում է, թէ՝ ինձ էլ տար քեզ հետ, կտրի՛ճ տղայ, ես քոնն եմ:
— Չէ՛, սիրուն աղջիկ, ասում է Արեգը, ես պէտք է գնամ Հազարան Հաւքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնայ:
Էստեղ յանկարծ աղջիկը մի հաւք է դառնում ու թռչում գնում ծլվլալով. «Ա՜խ, երանի թէ մի անգամ դու ընկնէիր Մշտադալար այգին, մեզ մօտ…»:
Էստեղից Արեգը շարունակում է ճամփէն:

* * * *

VIII
ԱՐԵԳԸ ԿԱՊՈՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասաւ Կապոյտ աշխարհ. երկինքը՝ կապոյտ, գետինքը՝ կապոյտ, հողը՝ կապոյտ, ջուրը՝ կապոյտ, խոտը՝ կապոյտ, փետը՝ կապոյտ, ծաղիկը՝ կապոյտ: Երկիրը՝ աւե՜ր, լո՜ւռ, ամայի:
— Ով կայ էստեղ՝ շունչ կենդանի, ձէն տուեց Արեգը: Վախենալով՝ էս ու էն կողմից դուրս եկան գուն ատ ու նիհար մարդիկ:
— Էս ինչ է եղել ձեր երկրին, ով է ձեզ էդպէս արել, հարցրեց Արեգը:
— Երկաթէ Ձեռքը, անիրաւ Երկաթէ Ձեռքը, սարսափած շշնջացին մարդիկ:
— Ով է Երկաթէ Ձեռքը:
— Մի հրէշ Երկաթէ Ձեռք, որ ամէն անգամ դուրս է գալիս ծովի միջից, յափշտակում, քանդումաւերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցածչունեցածը, բողոքեցին մարդիկ, ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք յոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չյոգնեց թալանելով ու աւերելով:10) Դէ, ինձ տարէք ձեր թագաւորի մօտ, ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագաւորի մօտ: Կապոյտ աշխարհի թագաւորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահի վրայ, շուրջն էլ մոլորուած կանգնած էին իր նազիրվեզիրները, պալատականները: Արեգը ներս մտաւ, երեք անգամ գլուխ տուեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու յայտնեց, որ ինքը գնում է Հազարան Հաւքի յետեւից, լսեց էս երկրի ցաւը ու եկել է Երկաթէ Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու աւերից:
— Մե՛ղք ես, ա՛յ որդի, ասաց թագաւորը, Երկաթէ Ձեռքին ո՛չ քաջի թուրն է յաղթում, ո՛չ հսկայի ուժը, գլուխդ զուր տեղը փորձանքի մի տայ, որդի՛:
— Չէ՛, թագաւորն ապրած կենայ, ես ինչ որ կ’անեմ, կը տեսնէք, ասաց Արեգը, ինձ ծովը տարէք: Արեգին տարան ծովը: Թագաւորի հրամանով մի ամուր նաւ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտաւ նաւի մէջն ու ընկաւ ծովի երեսը: Ծովը մտաւ թէ չէ, փոթորիկ բարձրացաւ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծուեց, երկինք ու ծով իրար խառնուեցին, զարհուրելի շառաչիւնով ծովի միջից դուրս եկաւ Երկաթէ Ձեռքը ու բարձրացաւ նաւի վրայ, որ զարկի, խորտակի, յափշտակի: Արեգն աներկիւղ առաջ անցաւ, բռնեց Երկաթէ Ձեռքն ու էնպէս ուժով ոլորեց, որ ահագին ճայթիւնով ջարդուեց ու խորտակուեց ջրի մէջ: Երկաթէ Ձեռքը խորտակուեց թէ չէ, ալիքների միջից դուրս թռաւ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագաւորի աղջիկն եմ ես: Չար Երկաթէ Ձեռքը գերել էր ինձ, դու խորտակեցիր Երկաթէ Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա՜խ, երանի թէ օրերից մի օր դու ընկնէիր մեր մշտադալար Այգին, որ քո լաւութեան փոխարէն ես էլ քեզ լաւութիւն անէի:
Էսպէս ծլվլաց թռչունաղջիկը ու զուարթ երգելով՝ անյետացաւ կապուտակ երկնքում, թռա՜ւ, գնա՜ց…
Կապոյտ աշխարհի թագաւորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկաւ Արեգի առաջ՝ երգ ու պարով, հանդէսներով ու օրհնութիւններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկթանկ պարգեւներով: Էսպէս Արեգին առաջն արած՝ տարան թագաւորի պալատը:
Թագաւորը ժառանգ չունէր, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնայ իրենց քաղաքում, իր մահից յետոյ բազմի իր գահին ու իր տեղը թագաւորի:
— Չէ՛, թագաւորն ապրած կենայ, պատասխանեց Արեգը, ես գնում եմ Հազարան Հաւքի յետեւից, ես պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, տանեմ մեր այգին, որ փուշը նոր վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ: Էստեղ թագաւորը Արեգին խորհուրդ տուեց, որ էլի յետ գնայ ծովը ու ծովի ոգիների թագաւորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը ծովի ոգիների աղջկայ մատանին ձեռին՝ գնաց ծով ու ձէն տուեց.

— Չքնաղ անունով քո լոյս աղջկայ
Կանչում եմ, ահե՛ղ ծովերի արքայ,
Լսի՛ր անյատակ ջրերի խորքից,
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տո՛ւր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարօտով՝ անմարերկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հաւքը Հազարան:
Լսի՛ր ինձ, ահե՛ղ ծովերի արքայ,
Ա՛ռ, նշանն ահա քո սեգ աղջկայ,
Տո՛ւր ինձ Քամի Ձին՝ հասնեմ փափագիս,
Էն Հաւքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը՝ մարդբանական հոգով:

Էսպէս կանչեց, ու փոթորիկը ելաւ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անց աւ, ու ահաւոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուրհրեղէն իր թեւերով ցոլացելաւ Քամի Ձին: Հասաւ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծաւ ու թռաւ երկնքով անծիր:

* * * *

IX
ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շատ գնաց Արեգը, թէ քիչ գնաց, վերին Աստուած միայն գիտի, գնա՜ց, հասաւ Կարմիր աշխարհ: Հասաւ Կարմիր աշխարհ. երկինքը՝ կարմիր, գետինքը՝ կարմիր, ջուրը՝ կարմիր, խոտը՝ կարմիր, ծաղիկը ՝ կարմիր:11) Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացաւ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մօտ:
Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսաւ քաղաքի առջեւ ժողովուրդ է հաւաքուած: Բոլորն արնագոյն շոր հագած, իրենց ծեր թագաւորը, քաղաքի դիմացի սարի դէմուդէմը կանգնած, բռունցքներն առաջ պարզած՝ կանչում է.
— Դո՛ւրս թող իմ աղջական, անիրա՛ւ, արձակիր իմ աղջկան, անգո՛ւթ: Բա՛ց թող, յե՛տ տուր իմ ծերութ եան խնդութիւնը, իմ աչքի լոյսը, կեանքի յոյսը…
Եւ դիմացի սարի քարայրից ծուխ ու կրակ է բարձրանում ու բարձր հռհռոց է լսւում:
Էս ինչ է նշանակում, հարցրեց Արեգը մի ծեր մարդու, ինչ է կանչում ձեր թագաւորը, էն ինչ ծուխ ու բոց է, էն ով է հռհռում թագաւորի անզօր կանչի վրայ…
— Էն սարի մէջ, էն մութ քարայրում բուն է դրել սարսափելի վիշապը՝ Քաւթառ Քուրսին, պատասխ անեց ծերունին, նա յափշտակել ու տարել է մեր թագաւորի մինուճար աղջկան՝ սիրուն Վարդերին: Շատ քաջեր ու կտրիճներ գնացին, ոչ ոք չկարողացաւ ազատի թագաւորի աղջկան, բոլորն էլ գնացին ու յետ չեկան: Հիմա էլ ծերունի թագաւորը յուսահատ կանչում է վիշապի քարանձաւի դիմաց, վիշապն էլ հռհռում է թագաւորի վրայ:
Էսպէս պատմեց ծերունին, ու Արեգն առաջ անցաւ, հասաւ թագաւորին, երեք անգամ գլուխ տուեց, վրայ երրորդին ասաց.
— Թագաւորն ապրած կենայ, իրաւունք տուր ինձ՝ գնամ, սպանեմ չար վիշապին ու ազատեմ քո գեղեցիկ աղջկան:
— Մեղք ես, ա՛յ որդի, ասաց դժբախտ թագաւորը, քեզ նման շատ կտրիճներ ու շատ զօրքեր եմ ուղարկել. ամէնքը ջարդուել, ջնջուել են: Անիրաւը քարանձաւից հուր ու բոց է ժայթքում, ամէնքին հող ու մոխիր է դարձնում:
— Ես կ’ազատեմ քո աղջկան, կրկնեց Արեգն ու գնաց դէպի վիշապի քարանձաւը: Անցաւ իրենից առաջ գնացած մարդկանց մոխիրների միջից, մօտեցաւ քարանձաւի դռանը: Յանկարծ մի խուլ որոտ լսուեց, ու դուրս ժայթքեց հուր ու բոց հրեղէն շնչի հետ: Արեգն անահ մտաւ կրակի մէջ ու առաջ գնաց.
կրակից պաշտպանուելու հրաշագործ աղօթք գիտէր, աղօթելով անցաւ ու ներս մտաւ: Ներս մտաւ, տեսաւ քարանձաւի մթում կուտակուած մի այլանդակ պառաւ, քիթը գետնին է հասնում, ժանիքները գլխից վերեւ են բարձրացել, խռիւ մազերը ցիցցից՝ անտառի նման, մի աչք ունի ու էդ մի աչքը կրակի նման վառւում է արիւնոտ ճակատի վրայ, իսկ բերանից հուր ու կրակ է թափում:
Պառաւ Քուրսին Արեգին տեսաւ թէ չէ, գոչեց.
— Յե՛տ դառ, անահ տղայ, յե՜տ դառ, թէ չէ կ’այրե՜մ, կը խորովե՜մ քեզ, հող ու մոխիրդ քամուն կը տամ…
Արեգը պատասխանի փոխարէն քաշեց իր զիլ աղեղը, նետը շառաչելով զարկեց Քաւթառի կրծքին ու միջից դուրս եկաւ, բոցը հանգաւ, ծուխը ցրուեց: Արեգն առաջ անցաւ, տեսաւ շղթաներով ամուր կապուած երկու գեղեցիկ աղջիկ: Թրով զարկեց, շղթաները փշրեց ու աղջիկներին քարանձաւից դուրս բերեց արեւի լոյսը: Դուրս բերեց թէ չէ, աղջիկներից մէկն ասաց.
— Մշտադալար Այգու թագաւորի աղջիկն եմ ես: Դու ինձ ազատեցիր, սիրո՛ւն տղայ, երանի մի անգամ գաս մեր երկիրը, որ ես էլ քեզ մի լաւութիւն անեմ: Ասաց, մի մատանի գցեց Արեգի վրայ ու ծիտ դարձաւ, ծլվլալով թռաւգնաց: Արեգն առաւ Վարդերին, բերեց տուեց իր հօրը՝ ծերունի թագաւորին: Թագաւորը գրկեց իր աղջկ
ան, գրկեց Արեգին ու ասաց.
— Քաջ ու անահ տղայ, արի՛ ամուսնացիր իմ գեղեցիկ Վարդերի հետ, եղի՛ր իմ ժառանգն ու իմ որդին ու թագաւորիր իմ տեղը:
— Չէ՛, ես ո՛չ կին եմ ուզում, ո՛չ թագաւորութիւն, պատասխանեց Արեգը, ես նպատակ ունեմ, իմ նպատակի յետեւից եմ գնում: Երկնքի երեսին լինի, թէ գետնի տակին, ես պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, տանեմ մեր աշխարհքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ: Կայ մէկը ձեր աշխարհքում, որ գիտենայ, թէ որտեղ է գտնւում Հազարան Հաւքը:
— Իմ թագաւորութեան մէջ շատ որսորդներ կան ու շատ մարդիկ, որ հասկանում են թռչունների լեզուն, նրանք կը գտնեն քո թռչունը, ասաց թագաւորն ու հաւաքեց իր տէրութեան բոլոր՝ աշխարհք տեսած մարդկանց ու հին որսկաններին: Բայց ամէնքն էլ յայտնեցին, թէ ոչ միայն Հազարան Հաւքի տեղը չգիտեն, մինչդեռ անգամ անունն էլ չեն լսել:
Մնաս բարով արեց Արեգը թագաւորին ու ժողովրդին ու էս քաղաքից էլ դուրս եկաւ: Գնաց մի դաշտ, ձիու մազը կրակին տուեց թէ չէ, Քամի Ձին յայտնուեց առաջին:
— Ինձ տար հուրիփերիների, լուսեղէն ոգիների մշտադալար Այգին, հրամայեց Արեգը:

* * * *
X
ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դէպի լուսեղէն ոգիների մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչկարմիր գարուն էր ու լոյս: Անթառամ այգիների երփներանգ, բուրաւէտ ծաղիկների մէջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զուարթ աղմուկով երգում էին դրախտի հաւքերը: Ցած իջաւ Արեգը սարից, մտաւ մշտադալար Այգին ու քիչ մնաց խելքը գլխից թռչէր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հաւքերի երգերից ու փիրուզէ շատրուանների մեղմ խոխոջներից:
Ու ո՛չ մի արարած, ո՛չ մի մարդկային ձէն:
Երջանկութիւնից արբած ու վերացած՝ Արեգը մտաւ զմրուխտեայ ու բիւրեղեայ ապարանքը: Մի սեղան է բաց արած, Աստծոյ ամէն բարին մէջը, ու էնտեղ էլ դարձեալ ոչ ոք չկայ: Շատ սպասեց, թէ քիչ, յանկարծ հեռուից մեղմ ու անուշ երաժշտութեան եւ ուրախ, հնչուն ծիծաղի ձայներ լսուեցին: Ձայները հետզհետէ մօտեցան: Արեգը թաքնուեց ու սպասեց: Տեսաւ՝ իրար յետեւից եկան երեք խումբ հուրիփերիներ, ու ամէն խմբի մէջ միմի անտեսաննման թագուհի: Երեք խումբն էլ ներս մտան, երեք թագուհին բազմեցին, ու միւսներն էլ՝ նրանց շուրջը. ու քնքուշ, զուարթ աղմուկով լցուեց էն զմրուխտեայ ապարանքը: Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ: Ուրախութեան ժամանակ վեր կացաւ էն երեք թագուհիներից մէկը, նեկտարի բաժակն առաւ ու էսպէս խօսեց.
— Անո՛ւշ քոյրեր, էն տղի կենացը, որ ինձ ազատեց Սեւ դեւի գերութիւնից, արեւ ու լոյս տուեց մութ աշխարհքին: Ա՜խ, երանի թէ երբեւիցէ նա յայտնուէր մեր երջանիկ կողմերում, որ ես էլ կարողանայի նրան լաւութիւն անել:
Ամէնքը խմեցին երկնային նեկտարը եւ գովեցին էն կտրիճի քաջութիւնը, որ իրենց քրոջն ազատել էր Սեւ դեւի գերութիւնից:
Յետոյ ոտքի կանգնեց երկրորդ քոյրը, բաժակը բարձրացրեց, ասաց.
— Երկաթէ Ձեռքն ինձ գերել ու գերի էր արել ծովի յատակին: Էս բաժակն էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ խորտակեց Երկաթէ Ձեռքը, ինձ ազատեց նրա գերութիւնից, իսկ Կապոյտ աշխարհի խեղճ ժողովրդին փրկեց սովից ու մահից… Ա՜խ, երանի թէ մի օր մեր դիւթական աշխարհքը գար նա, որ ես էլ կարողանայի նրան լաւութիւն անել…
Ամէնքը խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի սիրտն ու զօրութիւնը ու ցանկացան, որ օրերից մի օր նրան տեսնէին: Ապա վեր կացաւ երրորդ քոյրը:
— Քոյրե՛ր, ասաց, էս բաժակն էլ խմենք էն ազնիւ հերոսի կենացը, որ սատկացրեց Քաւթառ Քուրսի հրէշին ու ինձ ազատեց նրա մութ ու զարհուրելի քարանձաւի գերութիւնից: Ա՜խ, երանի թէ նա էլ մի օր ընկնէր մեր մշտադալար աշխարհքը, որ կարողանայի իր արած լաւութեան դիմաց ես էլ լաւութիւն անել: Ամէնքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիութիւնը ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնէին:
— Ա՜խ, շարունակեց փոքր քոյրը, եթէ երբեւիցէ նա յայտնուէր մեր երջանիկ աշխարհքում, ես կը խնդրէի մեր հօրը, որ թողնէր նրան՝ միշտ ապրէր մեր դրախտում ու վայելէր մեր մշտադալար Այգու վայելչութիւնը: Բայց, ափսո՜ս, օձն իր պորտով, հաւքն իր թեւով չի կարող մեզ մօտ հասնել…
Էս խօսքի վրայ Արեգը դուրս եկաւ իր թաքստոցից ու կանգնեց լուսեղէն աղջիկների առաջին: Ամէնքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զարմանքից: Արեգը ցոյց տուեց նրանց տուած մատանիները: Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպէս մի խելագար խնջոյք սարքեցին, որ ո՛չ լեզուով պատմել կը լինի, ո՛չ գրչով նկարագրել:
Յետոյ հարցրին, թէ ինչպէս է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել Արեգը, ուր է գնում, ինչու է գլուխը տուել փորձանքների ու զրկանքների: Եւ երբ իմացան, որ Հազարան Հաւքի յետեւից է գնում, շատ խնդրեցին, որ յետ կենայ էդ վտանգաւոր մտքից, որովհետեւ անհնար է, ասին, ձեռք բերել Հազարան Հաւքը:
— Մնա մեզ մօտ, ասացին նրանք, մնա՛ մեզ մօտ՝ միշտ ուրախ ու երջանիկ, անյոգ ու զուարթ…
— Ոչ, պատասխանեց Արեգը, ես նպատակ ունեմ, պէտք է գնամ իմ նպատակի յետեւից: Պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ: Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել, ո՛չ վայելչութիւն կայ, ո՛չ հանգստութիւն ինձ համար: Հուրիփերիները, երբ որ տեսան Արեգն իր ճամբից յետ չի դառնալու, էն ժամանակ ասին.
— Հազարան Հաւքը պահւում է Կախարդական անմեռ աշխարհում, կախարդական ապարանքի մէջ, ուր քնած է Հազարան Հաւքի Տիրուհին: Սիրո՛ւն տղայ, դու պէտք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ ու անցնես Սեւ քարերը, Լեղի գետը, փշոտ անապատը, հասնես Տաճարին, ուր պահուած է Հազարան Հաւքը: Բայց իմացի՛ր, դեռ ոչ մի հողածին յետ չի եկել այնտեղից, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Տաճարի աստիճաններին: Գնա՛, արի՛ Արեգ, Քամի Ձին
քեզ կը տանի մինչեւ Սպիտակ աշխարհ, Սպիտակ ծովի մօտ…
— Է՜յ, Քամի՜ Ձի, ձայն տուին հուրիփերիները, եւ Քամի Ձին յայտնուեց Արեգի առջեւ: Արեգը շնորհակալութիւն յայտնեց հուրիփերիներին, մնաս բարով ասեց, հեծաւ Քամի Ձիուն, բռն եց ոսկի սանձը ու սուրաց երկնքով դէպի Սպիտակ աշխարհ:

* * * *

XI
ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա՜ւ, թռա՜ւ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը՝ սպիտակ, ջուրը՝ սպիտակ, խոտը՝ սպիտակ, ծաղիկը՝ սպիտակ: Վայր իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագաւորութիւնը, էս սահմանից դէնը սկսւում է Սպիտակ աշխարհը, ու ձայն տուեց, Ձո՜ւկ ախպէր…
Ջրերն ալեկոծուեցին, ու ծովը ծռթծռելով՝ Ձուկը եկա՜ւ, թէ՝ հը՛, Քամի Ձի ախպէր, էդ ինչ է, յափշտ ակեմ դրան:
— Չէ՜, սրան պէտք է տանես ծովի միւս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հաւքին է ման գալի, մշտադալար Այգու հուրիփերիներն են ուղարկել, որ Հազարան Հաւքի տեղն ու պատմութիւնը սրան յայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թէ՝ ա՛յ տղայ, արի բերանս: Արեգին բերանն առաւ, տարաւ, հասցրեց ծովի միւս ափը: Ձէն տուեց՝ Աժդահա՜յ: Աժդահէն եկաւ՝ մի գազանի նման: Արեգին տեսաւ թէ չէ, աղաղակեց.
— Հը՛, Ձո՛ւկ ախպէր, էդ ինչ է, յափշտակեմ դրան:
— Չէ՛, պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպէրը բերեց, հուրիփերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լաւութիւնը նրանց է հասել: Սրան պէտք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հաւքի տեղն ու պատմութիւնն անես, որ գնայ գտնի:
Աժդահէն ուսն առաւ Արեգին, տարա՜ւ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպէս արեց Հազարան Հաւքի տեղն ու պատմութիւնը.12)
— Էստեղից Հազարան Հաւքի Տիրուհու տէրութեան սահմանն է սկսւում: Կը գնաս՝ առաջդ մի սար կը գայ՝ լիքը սեւսեւ քարերով: Սարը, որ անցնելու լինես, սեւսեւ քարերը ամէն տեսակ ձէներով կը կանչ են, էն տեսակ ձէներ կը հանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող յետ չնայել: Դու յետ չնայես, նա- յես թէ չէ, դու էլ սեւ քար կը դառնաս:13) Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կը գայ: Հազարան Հաւքի Տիրուհին նրա ջուրը աղիլեղի թոյն է դարձրել:14) Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պէտք է բացականչես. «Ա՜խ, ինչ անմահական ջուր է»: Գետը կ’անցնես, կ’ընկնես մի անծ այրածիր անապատ՝ լցուած ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով:15) Դու փուշը կը պոկես, հոտ կը քաշես ու կ’ասես. «Ա՜խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է»: Անապատն էլ որ անցնես, աչքիդ կ’երեւայ Հազարան Հաւքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կը գան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կը կտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կը յորինեն քո առաջին, որ հարիւր տարուայ մեռելները գերեզմանում կը խնդան: Բայց դու չպէտք է ծիծաղես, եթէ ծիծ աղեցիր, իմանաս, որ քեզ կը յաղթեն ու կ’ոչնչացնեն: Հէնց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինն երին, քեզ ծաղր կ’անեն, կը հայհոյեն, կը թքեն… Ո՛չ մի պատասխան, ո՛չ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից, սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թէ նրանց միջից անցնես, բոլորը կը լռեն, եւ դու, անփորձ անք ապարանքին կը հասնես:16) Անձեռակերտ, լուսեղէն ապարանքի17) դռների երկու կողմերում կը տեսնես պահապաններ, դու անփորձանք ապարանքին կը հասնես:16) Անձեռակերտ, լուսեղէն ապարանքի17) երկու կողմերում կը տեսնես պահապաններ խոյին ու առիւծին: Խոյի առջեւ միս է դրուած, առիւծի առջեւ՝ խոտ: Դու տեղերը կը փոխես. միսը կը վերցնես, առիւծի առաջը կը դնես, խոտը կը վերցն ես, խոյին կը տաս, ճամփայ կը տան, կ’անցնես:18) Կը մօտենաս ապարանքի դռներին, կը տեսնես՝ դռան մի փեղկը փակ է, միւսը՝ բաց: Բաց դուռը կը փակես, փակը կը բանաս ու ներս կը մտնես:19) Կ’անցնես եօթ վարագոյրներից: Էնտեղ՝ եօթ վարագոյրների յետեւում, անպարան կախուած ոսկի վանդակի մէջ երգում է Հազարան Հաւքը եւ երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հաւքի մօտ՝ իր լուսեղէն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կը վերցնես ու դուրս կը գաս, միայն լաւ իմացիր ու միշտ միտդ պահիր, յիշի՛ր, որ չլինի թէ նայես Տիրուհուն կամ մօտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանայ նրա տարաշխարհիկ գեղեցկութեանը: Կըկախարդուես նրա գեղեցկութեան թովչանքից ու կը զրկուես էն Հաւքից ու քո կեանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը յետեւից ձէն կը տան. «Տարա՜ւ, տարա՜ւ, հողածինը տարա՜ւ հրեղէնի՜ն»: Դու յետ չնայես, թէ չէ դարձեալ քո մա՛հն է:
Էսպէս պատմեց, խրատեց Արեգին Աժդահէն ու ճանապարհ դրեց:

* * * *

Բ մաս
I
ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստուած կանչեց ու գնաց: Հե՜յ, Կախարդական աշխարհ, ուր ես, քեզ եմ գալի:
Գնա՜ց, գնա՜ց Արեգը, հասաւ Սեւսեւ քարերին: Ի՛նչ զարհուրելի, ի՜նչ անմարդկային ձէներ հանեցին Սեւսեւ քարերը, տեսան, որ Արեգը յետ չի նայում, գոռացին. «Բռնեցի՜նք, ըհը՛, բռնեցի՜նք»: Է՛լ ճղճղացին, է՛լ հարազատների ձէներով աղերսագին օգնութիւն կանչեցին… Արեգն առանց յետ նայելու անցաւ, ու ձէները լռեցին: Գնա՜ց, հասաւ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա՜խ, ի՜նչ անմահական ջուր է,- ու գետն անցկացաւ: Մտաւ անծայրածիր փշոտ անապատը ոտք երն արիւնոտելով՝ փշերի միջով առաջ անցաւ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասեց.
— Ա՜խ, ի՜նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցաւ, հեռւում երեւաց Հազարան Հաւքի Տիրուհու լուսեղէն, անձեռակերտ ապարանքը: Յանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարիւր տարուայ մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցաւ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյ ել, թքել, ծաղրել, թէ՝ մի սրա՛ն տեսէ՛ք, սա է ուզում Հազարան Հաւքը տանել…
Արեգը սիրտը սեւացրեց, հանգիստ ու խաղաղ անցաւ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքուեցին: Հասաւ Արեգն անձեռակերտ, լուսեղէն ապարանքին: Տեսաւ պահապաններ խոյին ու առիւծին: Միսը վերցրեց խոյի առջեւից, դրեց առիւծի առաջ, խոտը վերցրեց առիւծի առջեւից, տուեց խոյին ու անվնաս առաջ անցաւ: Մօտեցաւ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտաւ Տաճարից ներս, անցաւ եօթ վարագոյրների միջով ու յայտնուեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենեակում:

* * * *

II
ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ ԵՒ ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ

Էնտեղ՝ ոսկի մահճակալի վրայ՝ լուսեղէն անկողնում, քնած էր հրաշագեղ Տիրուհին: Նրա ճակա- տին աստղ էր փայլում, կրծքին՝ մահիկաձեւ լուսինը, գլխավերեւում վառուած էր ոսկէ մոմակալով մոմը, մատին մատանի կար:20) Աղջկայ գլխավերեւում առանց պարանի կախուած ոսկէ վանդակի միջին երգում էր Հազարան Հաւքը, ու նրա երգի հետ մշտադալար բուրեան վարդի փնջեր էին թափւում բերանից: Արեգը մօտեցաւ, որ վերցնի վանդակը ու չդիմացաւ. ինքն իրեն մտածեց, թէ՝ էս Հաւքն է, որ արդէն տանում եմ, արի մի տեսնեմ՝ ինչ արարած է էս անկողնում քնածը: Եւ Արեգը նայեց: Նայեց, ու գլուխը պտտուեց. տեսաւ՝ մի հրեղէն, հրաշագեղ, աննման աղջիկ մուշմուշ քնել է ու շիկնել: Երջանկութեան բուրմունքով լցուել էր ապարանքը: Հազարան Հաւքի թովչանքով լցուել էր ապարանքը: Հազարան Հաւքի թովչական ձայնից ու աղջկայ երկնային գեղեցկութիւնից ինքն իրեն մոռացաւ: Է՛լ աւելի մօտեցաւ, նայեց՝ վերմակը յետ է գցուած կրծքից, դուրս է հանել մերկ, հոլանի բազուկները, կուսական մարմինը շնչում է գերբնական գեղեցկութեամբ ու թարմութեամբ: Արեգն սկսեց աղջկայ շորերը քանդել. մէկը բաց արեց, տեսաւ միւսը տակին, ա՛յս էլ բաց արեց, մի ուրիշն էլ սրա տակին էր: Էսպէս մինչեւ չորս ու հինգը բաց արեց, տեսաւ չի վերջանում… Իր ոսկի մատանին ճկոյթից հանեց, դրեց աղջկայ մատին, աղջկ այ մատանին հանեց, դրեց իր մատին: Գլուխը խոնարհեց ու համբուրեց թշից. երեսն էնքան քնքուշ էր, որ համբոյրի տեղը նշան մնաց:21) Յանկարծ Արեգը ուշաբերուեց, յիշեց Աժդահի խրատը, թէ՝ չնայես ու ձեռք չտաս էն աղջկան, թէ չէ կը յաղթուես ու կը կորչես: Վեր առաւ ոսկի վանդակը ու սուրաց դուրս: Հողը, ջուրը, օդը, հուրը սկսեցին աղաղակել. «Բռնեցէ՜ք, տարա՜ւ, հողածինը տարա՜ւ հրեղէ՜նը»:22) Արեգը յետ չնայեց, սուրաց առաջ: Կրկին խեղկատակները ելան առաջը ու բղաւեցին. «Տարա՜ւ, տարա՜ւ հողածինը»: Արեգն անցաւ առաջ, անցաւ անապատը, Լեղի գետը, Սեւսեւ քարերը, դուրս եկաւ Կախարդական աշխարհի սահմանից ու ձայն տուեց՝ Աժդահա՜յ… Աժդահէն հասաւ, թէ.
— Հը՛, բերիր, թէ չէ:
— Բերի:
— Ապրես, դէ արի շալակս:23)
Շալակն առաւ, տարաւ իր սահմանն անց կացրեց, հասցրեց Ձկանը: Ձուկն էլ ծովով Արեգին բերեց Սպիտակ աշխարհի սահմանը, յանձնեց Քամի Ձիուն: Քամի Ձին թեւն առաւ, թռցրեց, տարաւ, հասցրեց մինչեւ Արեգի հօր թագաւորութեան սահմանը: Էստեղ վար բերեց Արեգին: Արեգը Ձիու ճակատը համբուրեց, ու Քամի Ձին թռաւ դէպի իր աշխարհքը:
Արեգը եկաւ, հասաւ էն ճամփաբաժանին, որտեղից երեք ուղղութեամբ եղբայրները բաժանուեցին: 24) Միտք արեց, թէ՝ եղբայրներիս թողած՝ ուր գնամ, արի գնամ եղբայրներիս էլ գտնեմ, ու միասին գնանք՝ Հազարան Հաւքը տանենք, յանձնենք մեր հօրը:

* * * *

III
ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆԸ

Արեգը գնաց եղբայրներին որոնելու:
Շատ ման եկաւ, թէ քիչ, մէկին մի քաղաքում գտաւ խորտկարարի մօտ ծառայելիս, միւսին մի ուրիշ երկրում գտաւ մրգավաճառի մօտ: Ցոյց տուեց Հազարան Հաւքը, ու երեքը միասին ճանապարհ ընկան դէպի իրենց տուն: Ճանապարհին Արեգն ասաց, որ հաց չի կերել, քաղցած է եւ խնդրեց եղբայրներին, որ հաց տան իրեն:
— Դէ՛, Հազարան Հաւքը մեզ տուր, հաց տանք,- առաջարկեցին եղբայրները:
— Ահա՛ ձեզ Հազարան Հաւքը,- ասաց Արեգը,- միթէ մէկ չի, թէ դուք տարած, թէ՝ ես: 25) Եղբայրները Հազարան Հաւքն առան ու մի աղի հաց տուեցին Արեգին: Աղի հացն ուտելուց յետոյ ծարաւից չորացաւ Արեգի բերանը, ջուր ուզեց:
— Ահա՛, էստեղ ճանապարհին ջրհոր կայ. ե՛կ գնանք էնտեղից ջուր հանենք, խմիր,- ասացին եղբայրներն ու Արեգին տարան մի խոր ջրհորի մօտ:
— Հիմա ով պէտք է իջնի,- տարակուսելով ասաց մեծ եղբայրը,- ես ոչ ծարաւ եմ, ոչ էլ կ’իջնեմ:
— Ես էլ չեմ կարող,- ասաց միւսը:
— Ես կ’երթամ,- ասաց Արեգը,- ջուր կը հանեմ ինձ համար էլ, ձեզ համար էլ: Միայն դուք պարանի ծայրը բռնեցէք:
— Լա՛ւ, մենք պարանի ծայրը կը պահենք,- ասացին եղբայրներն ու Արեգին կախ արին ջրհորը: Հէնց իջաւ թէ չէ, պարանը կտրեցին, Հազարան Հաւքն առան, ճանապարհ ընկան: Արեգին թողին ջրհորի մէջ, թէ՝ թող չգայ պարծենայ, որ ինքն է գտել Հազարան Հաւքը, իսկ մենք խորտկարար ու մրգավաճառ էինք:26)
Լուր տուին Արան թագաւորին, թէ որդիքդ Հազարան Հաւքը գտել են, բերում են: Թագաւորը մեծ հանդէսներով դուրս եկաւ որդիների առաջը, տեսաւ՝ ճշմարիտ որ Հազարան Հաւքը բերել են: Շատ ուր ախացաւ Հազարան Հաւքի համար, բայց երբ իմացաւ, որ փոքր որդին կորել է, անպատմելի տխրեց: Եղբայրներն ասեցին, որ իրենց տէրութեան սահմանից դուրս գալու օրից նրանից լուր չունեն:
Մեծ հանդէսով ու ծէսով բերին Հազարան Հաւքը ոսկի վանդակով կախ արին չորացած այգում, բայց ոչ թռչունը երգեց, ոչ այգին կանաչեց:27) Թագաւորի հրամանով եկան, հաւաքուեցին երկրի իմաստունն երը, բայց ոչինչ չհասկացան: Էն ժամանակ կրկին երեւոյթ եղաւ անծանօթ ծերունին եւ ասաց.
— Էս թռչունին տէր էլ կայ. մինչեւ տէրը չգայ, Հազարան Հաւքը չի երգի,- ասաց ու դարձեալ աներեւոյթ ացաւ, քամի դառաւ, չքուեց:28)
Որտեղ կը լինի սրա տէրը, որտեղ չի լինի: Ի հարկէ, ով թռչունը բերել է, տիրոջ տեղն էլ նա կ’իմ անայ: Հարցրին թագաւորի որդիներին: Նրանք թէ՝ մի անտառում անտէրանտիրական ոսկի վանդակով կախ արած էր, վերկալանք, բերինք:

* * * *

Գ մաս
I
ԱՐԵԳԸ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Լուրը տանք մեր Արեգից:
Արեգը հորն ընկաւ, տեսաւ՝ ի՜նչ հոր՝ մի ահագին խաւար անդունդ, մի մո՜ւթ աշխարհք: Մոլորուած առաջ էր գնում, յանկարծ տեսաւ մի ահագին վիշապ օձ փաթաթուել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերեւ, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծուի ձագերը զարհուրած ճւճւում են: Արեգը է՛լ ժամանակ չտուեց. սուրը հանեց, յարձակուեց: Կտորկտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը յոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Յանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզօր հողմբարձրացաւ. էդ Զմրուխտ արծիւն էր գալիս ձագերի մօտ: Նա ամէն տարի ձագ էր հանում բարձր ծառի վրայ, բայց վիշապը գալիս էր ուտում արծուի ձագերին, եւ մայր արծիւը կարօտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնէ աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռուից նկատեց, որ մի սեւ բան ընկած է ծառի տակին: Ծուաց ու վրայ տուեց, որ ծուիկծուիկ անի քնած Արեգին: Ճուտերը բնից ճլւլոցը կապեցին, թէ՝ դրան վնաս չտաս, ա՛յ մէր, դա մեր փրկիչն է, նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծուի թեւերի ֆշշոցից ու ծղրտոցից վեր թռաւ Արեգը: Վեր նայեց, տեսաւ Զմրուխտ արծուի կապոյտ թեւերը՝ իր գլխի վերեւը փռուած, տարածուած մութ աշխարհքով մէկ, ու սարսափեց:
— Մի՛ վախենար, քա՛ջ տղայ,-ձայն տուեց Զմրուխտ արծիւը,- դու իմ անմէրանօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից յետոյ իմ ճուտերին վնաս չկայ: Ասա տեսնեմ՝ ինչ կ’ուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժուար է ու երկար, բայց քո արած լաւութիւնը չափ չունի: Դէ՛, արի թեւիս, նստիր մէջքիս ու ամուր բռնիր, ասաց Զմրուխտ արծիւն ու Արեգին առաւ, ծուաց, թռա՜ւ վե՜ր, վե՜ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին:29) Արեգը լուս աշխարհ դուրս
եկաւ, շնորհակալութիւն յայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծուին ու ճամփայ ընկաւ դէպի իր հօր թագաւորութիւնը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լաւ շորերը տուեց աղքատին, աղքատի շորերը հագաւ ու էդպէս ծպտուած մտաւ հօր քաղաքը:
Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառաւ:
— Նա՛նի, օտարական եմ, տեղ կը տաս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի՛, նե՛րս արի, որդի՛,- ասաց պառաւը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կը լինես, ես էլ քեզ՝ մէր: Արեգն էդ գիշեր պառաւ նանից իմացաւ, որ Հազարան Հաւքը բերել են, բայց չի երգում, ասում են, թէ Հաւքը տէր ունի, տէրն էլ պէտք է գայ, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկաւ, գնաց քաղաքում ման եկաւ, մի հացթուխի մօտ գործի անց աւ, դարձաւ հացթուխ:

* * * *

II
ՏԻՐՈՒՀԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ

Լուրը տանք Կախարդական աշխարհի Տիրուհուց: Հե՜յ գիտի Կախարդական աշխարհի հրաշագե՛ղ Տիրուհի. զարթնեց խոր քնից: Զարթնեց՝ ի՜նչ տեսնի. իր շորերը տակն ու վրայ եղած, թուշը այրում է համբոյրի տեղը: Նայեց հայելուն, համբոյրի տեղը տեսաւ, նայեց վերեւ՝ Հազարան Հաւքը չկա՜յ…
Ծղրտաց, ճչաց.
— Հաւքս տարա՜ն, հո՛ղ, ջո՛ւր, օ՛դ, հո՛ւր, Հազարան Հաւքը տարա՜ն, ինչու ձայն չտուիք…30)
— Ինչքան ճչացինք՝ տարա՜ւ, տարա՜ւ, դռները չբռնեցին:
— Դռնե՜ր,- ծղրտաց,- ինչու չբռնեցիք:
Դռները թէ՝ Աստուած նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչու բռն էինք:
Ապարանքից դուրս վազեց, ճչաց.
— Առի՜ւծ, Հազարան Հաւքը տարան, ինչու ճամփայ տուիր:
Առիւծը թէ՝ օրհնուի նրա ճամբէն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տուեց, խոտը վեր կալաւ, ինչպէս ճամփայ չտայի:
— Խո՜յ, ճչաց,- Հազարան Հաւքը տարան, ինչու թողիր:
Խոյը թէ՝ ես միս ուտող էի, որ էսքան տարի առաջս միս էիր դրել: Նա հազիւ միսն առաջիցս վեր կալաւ, խոտ տուեց, ինչպէս չթողնէի:31)
— Ա՛յ օյինբազ խեղկատակներ,- ասաց,- ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հաւքը հողածինները չյափշտակեն, էդ ինչպէս տարան ձեր միջից:
Խեղկատակները թէ՝ մենք ինչ անենք, մեր վրայ մինչեւ անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչու թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. «Ի՜նչ անուշ է», ասաց, անչու չթողնէի:
— Աղիլեղի թունաւոր գե՛տ, ինչու թողեցիր…
— Աղիլեղի թունաւոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. «Ա՜խ, ի՜նչ անմահական ջուր է», ինչպէս չթողն էի:
— Սեւսեւ քարե՛ր, Հազարան Հաւքը տարան, ինչու քար չդարձրիք հողածնին…
— Մենք ինչ անենք. ինչքան ու ինչ ձէն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ յետ չնայեց, ինչպէս քար դարձնէինք:
Էստեղ աղջիկը մի կախարդական մեծ թուղթ ու գիր՝ թալիսման արեց, թուղթը ծակեց, անցկացրեց մէջքը, բերեց ծծերից ներքեւ ամրացրեց: Թղթի չորս կողմին գիր գրեց: էս թուղթ ու գիրը դրան բարձրացրեց, հանեց երկնքի երեսը: Էսպէս թռա՜ծ՝ հասաւ Աժդահին, ասեց.
— Աժդահայ, Հազարան Հաւքը դէսն անց է կացել. կա՛մ տուր, կա՛մ տեղն ասա, թէ չէ մեծ կտորեդ ականջդ եմ թողնում:
Աժդահէն թէ՝ ես ինչ անեմ, ես Աժդահայ եմ գետնի երեսին, նա քեզ պէս՝ երկնքումը, թռաւ, դէնը գնաց:
Աղջիկը թռա՜ւ, եկաւ Ձկան մօտ:
Ձուկ, Հազարան Հաւքը դէսն անց է կացել. կա՛մ տուր, կա՛մ տեղն ասա, թէ չէ կտորկտոր եմ անում քեզ:
Ձուկը թէ՝ ես ինչ անեմ, ես Ձուկ եմ ծովի միջին, նա քեզ պէս երկնքումը, թռաւ՝ դէնը տարաւ:
Էստեղից էլ անց կացաւ Տիրուհին, թռա՜ւեկաւ Արան թագաւորի քաղաքի մօտ վայր եկաւ:

* * * *

III
ՏԻՐՈՒՀՈՒ ԶՕՐՔԸ ՊԱՇԱՐՈՒՄ Է ԱՐԱՆ ԹԱԳԱՒՈՐԻ ՔԱՂԱՔԸ

Թագաւորի քաղաքի մօտ աղջիկը թուղթ ու գրերը քանդեց ու մի նոր էնպիսի գիր արեց, որ քաղաքին երեւաց, թէ երեք կարգ զօրքով քաղաքը պաշարուած է: Եկան, թագաւորին յայտնեցին, թէ՝ քաղաքը պաշարուած է, եթէ դու թշնամի ունես, ինչու չես արթուն մնում: 32)Թագաւորն եկաւ աղջկայ մօտ, թէ՝ ինչ ես ուզում ինձանից ու իմ երկրից:
— Իմ Հազարան Հաւքը էստեղ է. տո՛ւր, թէ չէ քաղաքիդ վրայ կրակ եմ թափում, յետոյ էլ ջուր եմ շինում քաղաքդ, սպառնաց Տիրուհին:33)
Թագաւորը գնաց, մեծ ու միջնէկ տղաներին կանչեց, ասաց.
— Ա՛յ որդիք, Հազարան Հաւքի տէրն եկել է. գնացէք, տեսնեմ՝ ինչ պատասխան էք տալիս: Միջնէկ ախպէրն ասաց՝ ես կ’երթամ: Մեծը թէ՝ քո բանը չի, ե՛ս կ’երթամ ու տես՝ ինչ եմ անում: Հազարան Հաւքի Տիրուհին երկու արաբ դռնապան էր կանգնեցրել իր վրանի շեմքում ու պատուիր ել, թէ՝ մտնողը եթէ իմ ասած մարդը կը լինի, լա՛ւ, թէ չէ, որ աչքով անեմ՝ տուէք, ատամները փորն ածէք:
Մեծ ախպէրն եկաւ աղջկայ մօտ, բարեւ տուին, բարեւ առան: Աղջիկը հարցրեց.
— Ա՛յ տղայ, Հազարան Հաւքը դու ես բերել:
Տղէն թէ՝ ե՛ս եմ բերել:
Որտեղից բերիր:
Թէ՝ մի շուկայում վաճառում էին, առայ, բերի:
Էստեղ Հազարան Հաւքի Տիրուհին, որ աչքով արեց արաբներին, տուին՝ թագաւորի մեծ տղի ատամները փշրին, փորն ածին ու էդպէս խայտառակուած ճանապարհ դրին:
Հիմա էլ միջնէկ ախպէրն եկաւ: Սա էլ ասաց, թէ՝ մի անտառում վանդակով կախ արած էր, վերցրի, բերի: Սա էլ մեծ ախպոր նման ատամները փշրուած յետ եկաւ:

* * * *

IV
ԱՐԵԳԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՍԷՐԸ
Լուրը հասաւ Արեգին, թէ Հազարան Հաւքի Տիրուհին եկել է, Հաւքը բերողին ու Հաւքն է պահանջում:
Արեգը հացատնից ալրոտ դուրս եկաւ ու գնաց իր հօր պալատը: Թագաւորը, երբ փոքր տղին տեսաւ, ո՜նց զարմացաւ ու ուրախացա՜ւ, հասաւ, կարօտով գրկեց Արեգին, համբուրեց ճակատը, յետոյ հառաչեց ու յայտնեց, որ իրենց քաղաքը վտանգի մէջ է:
— Ե՛ս եմ բերել Հազարան Հաւքը, ե՛ս էլ Տիրուհուն պատասխան կը տամ,- ասաց Արեգն ու պատմեց իր գլխի եկածը, թէ ինչպէս է բերել Հաւքը, թէ ինչ անգութ են եղել իր եղբայրները: Ամէնքը զարմացան ու չհաւատացին:
— Եթէ էդպէ՛ս է, եթէ դո՛ւ ես բերել Հազարան Հաւքը,- ասաց Արան թագաւորը,- դէ արագ գնա՛, պատասխան տուր Հաւքի Տիրուհուն ու իրեն էլ բեր, որ թռչունը երգի:
Արեգը դեռ ճամփի փոշին վրայից թափ չտուած՝ ճանապարհ ընկաւ դէպի Տիրուհու վրանը: Գնաց, տեսաւ Հազարան Հաւքի հրաշագեղ Տիրուհին տխուրտրտում, մոլորուած նստել է իր վրանում: Գալուն պէս ասաց.
— Բարո՛վ, սիրո՛ւն աղջիկ,- ու ծիծաղեց:
Աղջիկը թէ՝ ա՛յ տղայ, բարեւը ասենք Աստծունն է, ծիծաղդ էլ ինչ էր:
— Ոչի՛նչ,- ասաց Արեգը,-ճանապարհին գալիս մի աննման աղջիկ տեսայ՝ ներքին ու վերին շորերը քանդած, տակն ու վրայ արած, հանած, ոտքերն ընկած, թուշին էլ՝ խալ. երեսն էնքան քնքուշ էր, որ համբոյրիս տեղը նշան մնաց…
Էստեղ Տիրուհին իսկոյն իմացաւ, որ սա ինքն է Հազարան Հաւքը բերողը, դեռ իր մատանին էլ տեսաւ Արեգի մատին:
— Ա՛յ տղայ,- ասաց,- հաւքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող էնտեղ հասնել, դու ինչպէս ես չորս սահման անց կացել, հասել ինձ մօտ, պատմիր լսեմ:
Արեգը նայեց անտեսաննման, չնաշխարհիկ Տիրուհու՝ երկնքի նման անհուն ու անծիր աչքերին, նայեց ճակատին վառուող լուսէ աստղին, առաջ եկաւ ու ասաց.
— Սեւ աշխարհն անցայ, Սեւ դեւին յաղթեցի, Կապոյտ աշխարհն անցայ, զարհուրելի Երկաթէ Ձեռքը խորտակեցի, Կարմիր աշխարհն անցայ, բոցերի ու մոխիրների միջից գարշելի Քաւթառ Քուրսիին յաղթ եցի, ահ ու երկիւղ չզգացի, ժողովուրդներ ազատեցի, պարգեւներ չուզեցի, դեւերի ու հրէշների յաղթեցի, հուրիփերիների ազատեցի ու նրանց վայելքներից հրաժարուեցի, սարսափներին ու դառնութիւններին դիմացայ, բոլորին յաղթեցի, միայն քո անտեսաննման տեսքին չդիմացայ, միայն քեզանից յաղթուեցի.

Ու ես չեմ եկել թեւով թռչունի,
Ո՛չ մարդու ոտով, ոչ օձի պորտով,
Նրանցից ոչ մէկն էն ուժը չունի.
Թռել եկել եմ ես քո կարօտով:
Ես ծովեր անցայ. ալիք ու փրփուր
Լուանում էին երեսն երկնքի,
Անդունդներ թռայ՝ անտակ խորքերից
Վեր էին յառնում ձայներ դժոխքի:
Անցայ փշալի անկոխ անապատ
Ու վարդի բուրմունք առայ տատասկից,
Էն լեղի գետից անցայ անվհատ.
Խմեցի լեղին՝ դառն համ չզգացի:
Յաղթեցի դեւին, Սեւսեւ քարերին,
Ժանտ օյիններին խեղկատակների,
Տարայ սարսափը Առիւծի ահեղ,
Յաղթեցի ներյակ չորս տարերքներին,
Բոլորը անցայ, ամէնն յաղթեցի,
Բայց չկարացի յաղթել քո սէրին:
Տիրուհի՛, ահա՛, եկել եմ կրկին.
Չի՛ երգում առանց քեզ Հաւքը Հազարան,
Չի՛ թափում բուրեան վարդը երկնքի.
Այգիս մացառ է ու մարդիկ՝ գազան:
Յառնել ջրհորից, եկել եմ կրկին
Ո՛չ հաւքի թեւով, ոչ մարդու ոտով,
Եկել եմ թռած քո սիրով միայն,
Քո՛ սիրով, քո մեծ ու սուրբ կարօտով:
Արի՛, աննմա՛ն, չքնա՛ղ Տիրուհի՛,
Որ Հաւքդ երգի՛ հազարա՛ն խաղով,
Փուշը վա՛րդ փոխի՛ երգո՛վ թովչակա՛ն,
Ու գազանը՝ մարդբանակա՛ն հոգով:
Արեգի պատմութիւնն ու խօսքը յուզեցին աղջկայ սիրտը:

— Լսի՛ր, աննմա՛ն տղայ,- ասաց աղջիկը,- մարդիկ ապականել էին ամբողջ աշխարհը եւ միայն իմ երկիւղից չէին գալիս Կախարդական աշխարհ: Դու որ անցար բոլոր դժուարութիւնների միջից, յաղթեցիր դեւերին ու հրէշներին, դու որ կարողացար թափանցել հողեղէնին անհաս Կախարդական աշխարհի Տաճարը ու Հազարան Հաւքը բերել, դու որ սիրեցիր ինձ հրեղէն սիրով, կախարդանքն էլ քանդուեց. տե՛ս՝ քո հօր քաղաքը պաշարած զօրքն էլ չքուեց: Ահա՛, ես էլ քոնն եմ,- կանչեց աղջիկը ու գիրկը պարզեց:
Արեգն առաջ եկաւ, գլուխը խոնարհեց ու համբուրեց աղջկայ սիրտը, աղջիկն էլ համբուրեց Արեգի ճակատը, ու պինդ գրկեցին իրար:
Արեգի շորերից ալիւրի փոշին բարձրացաւ…
— Էս ինչ արիր, ա՛յ ծուռ տղայ, ոտքից գլուխ ալրոտ եմ,- ասաց աղջիկը, ու երկուսով բա՜րձր ծիծաղեցին, ձեռք ձեռքի տուեցին ու եկան քաղաք:

* * * *

V
ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՒ ԱՐԵԳ ԹԱԳԱՒՈՐԸ

Արան թագաւորն իր ժողովրդով, հանդէսներով ու օրհնութիւններով ելաւ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի՜նչ սիրուն, ի՜նչ հրեղէն աղջիկ, արեւին ասում է, թէ՝ դու մայր մտի, ես քո փոխարէն լուս կը տամ:
Գնացին Այգին:
Մութուլուսինբարի լուսուն Հազարան Հաւքը երգեց ու մշտադալար բուրեան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի՜նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջուանից է՛լ շքեղ, լի, փարթամ, հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ, որ գազան էին դարձել, մարդիկ դարձան՝ բանական հոգով: Եւ ամէնն ու ամէնքը դարձան ասես նորից նոր ծնուած, մաքուր, անմեղ ու անարատ:34)
Արեգն ու անտեսաննման Տիրուհին ամուսնացան: Եօթ օր, եօթ գիշեր հարսանիք արին Անմահական այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկնէր Երկին, երկնէր Երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մորուս
Եւ աչկունք էին արեգակունք:

Ծերունի Արան թագաւորը իր թագաւորութիւնը յանձնեց Արեգին: Արի՛ Արեգը բազմեց հօր գահին, եղաւ արի արքայ ու էն երկնքի պայծառ արեւի նման, արարչական սիրով, արդար ու բարի թագաւորեց յար ու յաւիտեան:

08.09.2021

1.Ի՞նչ է բանահյությունը:

Բանահյուսությունը ժողովրդական բանավոր ստեղծագործությունների. ամբողջություն է.

2.Ի՞նչ խմբերի է բաժանվում բանահյուսությունը:

Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր):

3.Ինչպե՞ս է ստեղծվում բանահյուսական նյութը:

Բանահյուսական յուրաքանչյուր երկ ծագումով` անհատական է, բնույթով՝ կոլեկտիվ ստեղծագործություն. տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ:

2. Համացանցից դուրս դրել առած֊ասացվածքներ։

Աշխատանքը սև է , հացը՝ սպիտակ։
Արագ եմ քայլում , ասում են ՝ ծուռ է, կամաց եմ քայլում , աում են ՝ կույր է։
Գողը գողից գողացավ, աստված վերից զարմա-ցավ:
Մեկ ծաղկով գարուն չի գա:
Շատ ծիծաղը լաց կբերի:
Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի:

3. Այդ ասացվածքներից առանձնացնել այն ասացվածքները, որոնք հասկացվոււմ են նաև ուղիղ իմաստով։

Աշխատանքը սև է , հացը՝ սպիտակ։

Գողը գողից գողացավ, աստված վերից զարմա-ցավ:

4. Համացանցից դուրս գրել ժողովրդական հանելուկներ։

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:

(Ձուկ)