ԱՈՒՏԻՍՏԻԿ ՍՊԵԿՏՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ԲՆՈՒԹԱԳԻՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աուտիզմն այսօր աշխարհում ամենատարածված զարգացման և
շփման խանգարումն է, որը գնալով ավելի է ընդլայնվում՝ պայմանավորված տարբեր գործոններով: Զարգացած երկրներում այն առավել
տարածված է՝ միգուցե պայմանավորված տեխնիկական զարգացման
հետևանքներով, տնտեսական զարգացումներով, էկոլոգիայի և սննդարդյունաբերության խնդիրներով և գենային փոփոխություններով:
Եթե դիտարկենք պատմական զարգացման տեսանկյունից, 21-րդ դարում կենդանի շփումը՝ որպես զարգացման կարևոր գործոն, գնալով
երկրորդային դեր է զբաղեցնում (ինտերնետային կախվածություն, աշխատանքային ծանրաբեռնվածություն, գերզբաղվածություն)՝ զիջելով
իր տեղը տեխնիկական շփմանը. այսօր նկատվում է ավտոմատիզացման միտում, օրինակ՝ սպասարկման վճարները, առևտրային գործողությունները, տարբեր ծառայություններ իրականացվում են տեխնիկական սարքերի օգնությամբ, ինչը նպաստում է կենդանի շփման գործոնի նվազեցմանը, մարդկանց՝ միմյանցից մեկուսացմանը:
Նշված խանգարման պատճառականության գիտական հետազոտությունների սկզբնական փուլում որոշ գիտնականների կարծիքով
աուտիզմն ուղեկցում էր կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններին (Г.И.Каплан, Б.Дж. Седок, 1994) կամ կապված էր
վերջինիս անբավարարության հետ, մյուս մասն այն կապում էր նյութափոխանակության խնդիրների հետ (Б.В.Лебедев, М.Г.Блюмина,
1972): Ներկայումս ավելանում են աուտիզմի գենետիկ պայմանավորվածությունը հաստատող հետազոտությունները (Е.Вейкфилд, Е.Язбак),
իսկ սոցիալական գործոնները դիտարկվում են որպես նպաստող հանգամանքներ:
Սոցիալական գործոնների թվում առանձնացնում են պատվաստումները, ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունները,
ծնողների տարիքը, նրանց ինտելեկտի զարգացման մակարդակը, համակարգչային և էկրանային կախվածությունը, սոցիալական մեկուսացումը:
Ենթադրվում է, որ մեծ տարիքում աուտիզմ ունեցող երեխա ունենալու ռիսկն ավելի մեծ է: Կա տեսակետ, որ բարձր ինտելեկտով ծնող-
6
ների մոտ աուտիզմ ունեցող երեխա ունենալու հավանականությունը
նույնպես բարձր է:
Չնայած ուղիղ կապ չկա աուտիզմի և պատվաստումների միջև,
բայց շատ են դեպքերը, երբ պատվաստման բարդություններից հետո երեխայի խոսքը, վարքը հետ են զարգացել:
Կամ, որքան ընտանիքը մեկուսացված է հասարակությունից, որքան երեխայի կենդանի շփումը քիչ է, այնքան նպաստավոր պայմաններ են ստեղծվում աուտիզմի դրսևորման համար, նմանապես համակարգիչներից, պլանշետներից, գաջետներից և մնացյալ էկրաններից
կախվածությունը նույնպես կարող է խթանել աուտիստիկ ախտանշանների դրսևորումը:
Հարկ է նշել, որ թվարկված սոցիալական գործոնների և աուտիստիկ սպեկտորի խանգարումների միջև կապը լուրջ գիտական հիմնավորումներ դեռևս չի ստացել և մնում է հիպոթեթիկ մակարդակում:
Դասական աուտիզմը բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով.
1. Թույլ տեսողական կոնտակտ
2. Շփման ցանկության թույլ արտահայտվածություն կամ բացակայություն
3. Փոխհատուցող աուտոստիմուլյացիաների առկայություն, որոնք օգնում են երեխային խեղդել անհարմարավետությունը,
ուշադրություն գրավել կամ խուսափել ինչ-որ բանից: Դրանցից
են` կրկնվող շարժումները, առարկաների հետ մանիպուլյացիաները, որոնց նպատակն է` կրկնել միևնույն հաճելի զգացողությունը:
4. Ստերեոտիպ, կրկնվող վարքային շարժումներ (տարուբերում է
մարմինը, քայլում է ոտքերի թաթերի վրա, շարժում է թաթիկները, կրճտացնում է ատամները, փակում է ականջները)
5. Ստերեոտիպ վարքային գործողություններ (հաջորդականությամբ դասավորում է մատիտները, մեքենաները, առանձնացնում է առարկաներն ըստ գույների, քանդում և նույնությամբ
կառուցում է աշտարակները)
6. Անհասկանալի, չիմաստավորված ձայների արձակումներ
(տկը-տկը, պտը-պտը, հու-հու)
7. Գիտակցված խոսքի բացակայություն կամ կրկնխոսություններ
7
8. Ոչ ադեկվատ հույզեր և վարքային դրսևորումներ՝ ինքնավնասում կամ ագրեսիա մյուսների նկատմամբ, անտեղի լաց և ծիծաղ
9. Վախ մարդկանցից և նոր, անծանոթ միջավայրերից
10. Աղմուկի, բարձր ձայների նկատմամբ գերզգայունություն կամ
անտարբերություն
11. Ոչ կամածին ուշադրության թույլ արտահայտվածություն, անվան թույլ արձագանք
12. Պարզ և բարդ հրահանգները ընկալելու և կատարելու ցանկության թույլ արտահայտվածություն
13. Ոչ ցանկալի վարքային սովորույթներ (անպետք, կեղտոտ առարկաների համտեսում՝ ավազ, ջրաներկ, օճառ, ձեռնաշարժություն, զուգարանային գործողությունների անվերահսկելիություն)
14. Ընտրողական սնունդ (փափուկ սնունդից հրաժարում, կարմիր գույնի սնունդից խուսափում և այլն)
15. Ֆիքսվածություններ կոնկրետ առարկաների և գործողությունների վրա (խաղում է միայն մեքենաներով, դուրս է գալիս տանից միայն սիրելի տիկնիկի հետ, սիրում է միայն համակարգիչ
և այլն)
16. Գերզգայունություն հպումների, մարմնական կոնտակտի
նկատմամբ կամ ծայրաստիճան խուսափում մարմնական
կոնտակտից
17. Անտարբերություն մարդկանց և նրանց զգացմունքների նկատմամբ, էմպատիայի թույլ արտահայտվածություն կամ բացակայություն
18. Նմանակման թույլ արտահայտվածություն:
Հետաքրքիր առանձնահատկություններ են ունենում աուտիզմ ունեցող երեխայի իմացական և շարժողական գործընթացները: Դրանք
դառնում են ոչ այնքան արտաքին միջավայրում հարմարման միջոցներ, որքան պաշտպանության և տպավորությունների ինքնախթանման համար անհրաժեշտ գործիքներ:
Շարժողականության զարգացման ընթացքում հապաղում է կենցաղային հմտությունների ձևավորումը, սոցիալական հարմարման
համար անհրաժեշտ առարկաների հետ գործողություններ կատարելու
ունակությունը, օրինակ՝ հագնվելու, սպասքից օգտվելու, լվացվելու ու-
8
նակությունը: Փոխարենը` ակտիվորեն շատանում է ստերեոտիպ շարժումների քանակը, առարկաների հետ այնպիսի մանիպուլյացիաները,
որոնք թույլ են տալիս ստանալ անհրաժեշտ խթանող, զգայական
տպավորություններ, օրինակ՝ ձեռքերի թափահարումները, մարմնի
տարուբերումները, շրջանաձև կամ պատեպատ վազքը և այլն: Այս երեխան անփույթ է խոշոր և մանր շարժողականության մեջ, ձեռքերը
կարող են լինել շատ լարված, կամ՝ թույլ: Միևնույն ժամանակ, նա կարող է բավականին ճկուն լինել իր տարօրինակ շարժումներում՝ պատուհանագոգից թռչել աթոռի վրա, մատի վրա պտտեցնել ափսեն,
մանր լուցկու հատիկներից կառույցներ պատրաստել և այլն:
Նման երեխայի ընկալման զարգացման ընթացքը բնորոշվում է
տարածական կողմնորոշման խանգարումներով, իրական առարկայական աշխարհի ամբողջական պատկերի ընկալման աղավաղումներով
և շրջապատող իրերի առանձին հատկությունների՝ գույնի, ձևի, ձայնի,
լույսի նկատմամբ ֆիքսվածություններով: Օրինակ՝ աուտիզմ ունեցող
երեխան կարմիր խնձոր տեսնելիս չի ցանկանում ուտել այն, պատճառն այն է, որ նա ոչ թե ընկալում է նրա համը, ձևը, գույնն ամբողջությամբ, այլ կենտրոնանում է կարմիր գույնի վրա, որը տհաճություն է
պատճառում նրան և հրաժարվում ուտել այն, սակայն կեղևազերծելուց
հետո նա կարող է հանգիստ ուտել այդ խնձորը: Մեկ այլ օրինակում,
նման երեխան հրաժարվում է փափուկ սնունդից, քանի որ ընկալում է
գլխավորապես այդ սնունդի առանձին հատկությունը՝ ձևը, ուստի ընկալման ամբողջականությունը տուժում է: Աուտիզմ ունեցող երեխայի
ընկալման առանձնահատկությունները նույնպես կապված են տպավորությունների ինքնախթանման հետ, առարկայի որ հատկությունը
նրան հաճելի տպավորություն է պատճառում, նա գլխավորապես դա է
ընկալում, և ընդհակառակը, որ հատկությունը տհաճ է իրեն, նա մերժում է և խուսափում:
Միևնույն միտումը նկատվում է նաև ուշադրության զարգացման
գործընթացում: Թվում է, թե այս երեխաների ոչ կամածին ուշադրությունը զարգացած չէ, քանի որ նրանք անտարբեր են մարդկանց ձայների նկատմամբ, չեն արձագանքում անվանը, կարծես թե չեն լսում և չեն
տեսնում շուրջը տեղի ունեցողը: Սակայն, միևնույն ժամանակ փակում
են ականջները բարձր ձայների դեպքում, արձագանքում են իրենց սիրելի ուտելիքին: Սա նույնպես վկայում է, որ նրանք անտարբեր են իրենց մոտ զգայական հաճելի տպավորություն չառաջացնող արտաքին
9
գրգիռների նկատմամբ և ընդհակառակը` զգայուն են հաճելի գրգիռների և սուր տհաճություն առաջացնող ազդակների նկատմամբ:
Աուտիզմ ունեցող երեխայի խոսքի զարգացումը նույնպես ենթարկվում է այդ կանոններին: Խոսքային հաղորդակցման զարգացման
խանգարումներն ուղեկցվում են առանձին խոսքային ձևերի վրա
կենտրոնացվածությամբ՝ ձայների, վանկերի, հանգերի, բառերի հետ
խաղերով և այլն, որոնք նույնպես հաճելի տպավորություն են ստեղծում նրա համար և ինքնախթանման աղբյուր են: Նա նպատակաուղղված չի կարողանում խոսքով դիմել նույնիսկ մայրիկին, սակայն անդադար կարող է կրկնել ինչ-որ բառեր, նախադասություններ: Ինչ-որ բառերի նկատմամբ նա կարող է ունենալ հատուկ վերաբերմունք:
Նման երեխաների մտածողության զարգացման մեջ նկատվում են
մեծ դժվարություններ միջնորդավորված ուսուցման, իրական հանդիպող խնդիրների նպատակաուղղված լուծման և որոշման կայացման
ընթացքում: Նրանք ունենում են ընդհանրացման դժվարություններ, օրինակ` հմտությունները դժվարությամբ են կիրառում միմյանցից
տարբեր իրավիճակներում, դրսևորում են որոշակի ուղղամտություն,
զրույցի ենթատեքստը չեն հասկանում: Այս երեխայի համար բարդ է
հասկանալ ժամանակի մեջ իրադրության զարգացումը, նա դժվարությամբ է կարողանում կապ գտնել իրավիճակների պատճառների և
հետևանքների միջև: Դա շատ վառ դրսևորվում է ուսումնական նյութի
վերարտադրման, սյուժետային նկարների հետ կապված առաջադրանքների ընթացքում: Այս երեխայի համար բավականին բարդ է հասկանալ դիմացինի տրամաբանությունը, պատկերացումները, մտադրությունները: Սա չի նշանակում, որ աուտիզմ ունեցող երեխաները
չունեն ընդհանրացման ունակություն, չեն կարողանում պլանավորել և
հասկանալ հարաբերությունների պատճառահետևանքային կապերը:
Ստերեոտիպային իրավիճակների սահմաններում նրանք կարողանում են ընդհանրացնել, ստեղծել գործողությունների ծրագիր, սակայն
նրանք ի վիճակի չեն ակտիվորեն կիրառել իրենց ունակություններն
ամեն վայրկյան փոփոխվող աշխարհին հարմարվելու համար: Հանդիպելով այնպիսի խնդրի, որի լուծումը նա նախապես չգիտի, ամենից
հաճախ նա դառնում է անկարողունակ:
Աուտիզմն ուղեկցվում է նաև մի շարք վարքային և հուզակամային
ոլորտի խնդիրներով, որոնք խոչընդոտում են նրանց սոցիալական
հարմարմանը, դրանցից են` նեգատիվիզմը, վախերը, ագրեսիան, ինք-
10
նաագրեսիան և այլն: Դրանք ավելանում են երեխայի նկատմամբ ոչ
համարժեք վերաբերմունքի դեպքում (նշված պարագայում ակտիվանում է տեղի ունեցող իրավիճակներից նրան պաշտպանող ինքնախթանումը) և նվազում են նրա համար հասու փոխազդեցության ձևերի
ընտրության պարագայում: Շատ դժվար է մարդկանց համար հասկանալ աուտիզմ ունեցող երեխայի կողմից կյանքի յուրացված ստերեոտիպին հետևելու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ չի կարելի տեղափոխել
կահույքը, տուն գնալ այլ ճանապարհով: Ինչո՞ւ է այդ դեպքում երեխան
ագրեսիվ վարք դրսևորում: Սրանք այնպիսի հարցեր են, որոնք հանդիպում են հարազատների մոտ: Եվ հենց այդ ստերեոտիպերի դեմ պայքարը նպաստում է նեգատիվ, ագրեսիվ վարքի դրսևորմանը, պաշտպանական ինքնախթանման դրսևորմանը:
Մեծ դժվարություններ են առաջացնում աուտիզմ ունեցող երեխայի վախերը: Նրանք կարող են անհասկանալի լինել շրջապատի համար, (օրինակ` վախ լույսից, ձայնից, գույնից և այլն), քանի որ պայմանավորված են նման երեխաների զգայական խոցելիությամբ: Նրանք
հաճախ չեն կարողանում բացատրել իրենց վախերը, բայց հետագայում, երբ ավելի լավ ես ճանաչում երեխային, հասկանում ես, որ դրանք
կարող են լինել վաղ շրջանում ստեղծված զուգորդությունների
հետևանք: Օրինակ՝ երեխաներից մեկը վախենում էր լույսից, քանի որ
վաղ հասակում իր սենյակ մտնելու լարված փորձերն ուղեկցվել էին
լույսի ճառագայթներով: Նման երեխաներին կարող է վախեցնել երկաթե խողովակների, կենցաղային տեխնիկայի ձայնը. հնարավոր է դա
պայմանավորված է լսողական գերզգայունությամբ: Հաճախ նրանց
վախերը և սուր արձագանքները կապված են վտանգի զգացման և ինքնապաշտպանական բնազդի հետ: Այդպես ծագում և ամրապնդվում է,
օրինակ` լվացվելու վախը. մեծահասակը մանրամասնորեն լվանում է
երեխայի դեմքը` չնկատելով, որ փակում է նրա քիթն ու բերանը, ինչը
դժվարեցնում է նրա շնչառությունը: Նմանապես` նաև հագնվելու վախը. գլուխը դժվարությամբ է անցնում հագուստի միջով, ինչն առաջացնում է անհարմարավետության զգացում և ամրապնդում է վախը հագուստից: Ամռանը այս երեխաներին վախեցնում են թիթեռներն ու
ճանճերը կտրուկ շարժման պատճառով: Իսկ նորույթի համընդհանուր
վախը պայմանավորված է կյանքի ձևավորված ստերեոտիպի խախտմամբ, իրավիճակի հանկարծակիությամբ, անսովոր պայմաններում
սեփական անօգնականության զգացմամբ:
11
Անհարմարավետ իրավիճակների նկատմամբ ծայրահեղ արձագանքներից է ինքնաագրեսիան: Ցավի միջոցով երեխան խուսափում է
տհաճ իրավիճակից, կարծես թե փորձելով բթացնել մյուս զգայարանների ակտիվությունը, միայն թե չլսի, չտեսնի, չզգա: Հարց է առաջանում, թե ինչու է նա այդքան սուր արձագանքում պարզ թվացող իրավիճակներին, պատճառը նրանց զգայարանների զգայունակության
ցածր շեմն է և գերզգայունությունը:
Աուտիզմը պետք է չշփոթել մտավոր զարգացման խանգարումների, հոգեխոսքային զարգացման խնդիրների, զգայական ալալիայի, գերակտիվության, լսողության և տեսողության խանգարումների հետ:
Վաղ հասակում աուտիզմ ունեցող երեխայի ծնողները գրեթե միշտ
կասկածում են, որ իրենց երեխան ունի լսողության և տեսողության
խնդիրներ, քանի որ երեխան չի արձագանքում անվանը և խուսափում
է տեսողական կոնտակտից, սակայն այդ կասկածները միանգամից
հօդս են ցնդում, քանի որ նա կարող է տարվել այլ ձայնային ազդակներով և տեսողական պատկերներով, օրինակ՝ նախշերով, կամ՝ ձայներից փակել ականջները, ինչը նույնպես վկայում է, որ նրանք լսում են:
Ի տարբերություն մտավոր զարգացման խանգարումների, աուտիստիկ սպեկտորի խանգարումներ ունեցող երեխաները, թեև ունեն
ինտելեկտուալ ոլորտի յուրահատկություններ, սակայն նրանց շատ
հեշտ է տարբերակել ըստ վարքի ստերեոտիպության, հուզական կոնտակտ հաստատելու դժվարությամբ, ըստ շփման ցանկության բացակայության: Մտավոր զարգացման խանգարումներով երեխաները բավականին հարմարված են կենցաղում, չեն խուսափում շփումից, ընդհակառակը՝ սիրում են շփվել:
Հաճախ մասնագետները դժվարանում են սահմանազատել աուտիզմը հոգեխոսքային զարգացման խնդիրներից: Աուտիզմ ունեցող երեխաների ծնողների առաջին ահազանգերից են խոսքի զարգացման
յուրօրինակ առանձնահատկությունները: Աուտիզմ ունեցող երեխան, ի
տարբերություն խոսքի զարգացման խնդիրներ ունեցող երեխաների,
ունենում է ձայնի յուրահատուկ հնչերանգ, կրկնխոսություններ, ռոբոտային խոսք, կրկնվող ձայներ, վանկեր և այլն:
Ի տարբերություն զգայական ալալիա ունեցող երեխայի, աուտիզմ
ունեցող երեխան չի կենտրոնանում իրեն ուղղված խոսքի վրա, խոսքը
նրա վարքի կարգավորման գործիք չէ, նա դժվար է ենթարկվում խոսքային հրահանգներին: Բացի այդ, նա չի արտահայտում իր ցանկությունները հայացքով, միմիկայով և ժեստերով` ի տարբերություն խոսքի մաքուր խանգարումներ ունեցող երեխաների:
Եվ, իհարկե, դժվար չէ տարբերակել աուտիզմը գերակտիվությունից, քանի որ գերակտիվ երեխայի հիմնական արգելքը վարքի կառավարումն է, իսկ աուտիզմ ունեցող երեխայինը՝ շփման խանգարումը և վարքի ստերեոտիպությունը, հետաքրքրության ֆիքսացիաներն ու
թույլ տեսողական կոնտակտը: Գերակտիվ երեխան, թեև շատ ակտիվ է
և ունի ուշադրության խնդիրներ, բայց ունի զարգացած տեսողական
կոնտակտ, արձագանքում է մարդկանց խոսքին: Աուտիզմ ունեցող երեխան կարող է հուզական անհավասարակշիռ վիճակում թողնել գերակտիվ երեխայի տպավորություն, սակայն հանգիստ վիճակում նա կարող է լինել բավականին նստունակ և ոչ ակտիվ:

ՄՈՒԿ

Մանկական ուղեղային կաթվածը՝ ՄՈՒԿ, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը։ Մկանային կառավարման նման խանգարումը դժվարություններ է առաջացնում շարժման և մարմնին որոշակի դիրք տալու ժամանակ։ Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Ընդ որում մկանները պարալիզացված չեն։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի։ Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ (ճոճվելով քայլք)։ Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները։ ՄՈՒԿ-ը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում։ Այդ խանգարումների պատճառները տարբեր կարող են լինել. ապագա մոր խրոնիկ տարբեր հիվանդությունները մոր կրած ինֆեկցիոն, հատկապես վիրուսային հիվանդությունները ինտոկսիկացիաները (ինքնաթունավորումները) մոր և պտղի արյան անհամատեղելիությունն ըստ ռեզուս գործոնի կամ արյան խմբի պատկանելության ձգձգվող ծննդաբերությունը, երբ պորտալարը փաթաթված է լինում երեխայի պարանոցի շուրջ։ Երբեմն ՄՈՒԿ-ը առաջ է գալիս երեխայի կյանքի առաջին տարիներին՝ նեյրոինֆեկցիաների, գանգի ծանր վնասվածքների պատճառով։ Բնածին կամ ձեռքբերովի ուղեղային կաթվածը հանդիպում է 300 նորածիններից մեկի մոտ։ ՄՈՒԿ-ը որպես կանոն ժառանգական հիվանդություն չէ։   ՄՈՒԿ-ի հիմնական դրսևորումներ ՄՈՒԿ-ով երեխաների մոտ նկատվում է շարժողական բոլոր ֆունկցիաների ձևավորման խանգարում։ Նրանց մոտ ուշ է ձևավորվում գլուխը պահելու, նստելու, կանգնելու, քայլելու կարողությունը։ Շարժողական խանգարումները բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների ձևավորման վրա։ Չեն ձևավորվում շարժման մասին ճիշտ պատկերացումները, մեծ դժվարությամբ են զարգանում տարածական պատկերացումները։ Շարժողական խանգարումների պատճառով տուժում է երեխայի ինքնասպասարկման հմտությունը, որի հետևանքով էլ այս երեխաները կյանքի առաջին տարիներից սկսած գրեթե լիովին կախվածության մեջ են լինում իրենց շրջապատող մեծերից։ Անկախ շարժողական խանգարման աստիճանից այս երեխաների մոտ կարող են նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ, դիտվում են ինտելեկտի իջեցում, տեսողության խանգարումներ (ավելի հաճախ՝ շլություն), լսողության թուլացում։ Նպատակաուղղված գործունեության ընթացքում նրանք արագ են հոգնում կամ դառնում են գրգռված, մեծ դժվարությամբ են կենտրոնանում տրված առաջադրանքի շուրջ։ Որոշ երեխաների մոտ հոգնելու արդյունքում առաջ է գալիս շարժողական անհանգստություն, ավելանում են ժեստիկուլյացիոն, հարկադիր շարժումները, առաջանում է առատ թքարտադրություն։ Այս երեխաների մեծ մասը գերզգայուն է, խռովկան, հիվանդագին է արձագանքում ձայնի տոնին, դիտողություններին։ Նրանց մոտ առաջանում են վախեր, ակամամիզություն, փսխում և այլ խանգարումներ։ Շատ հաճախ երեխայի հանդեպ գերխնամքը հանգեցնում է նրան, որ երեխայի մոտ չի ձևավորվում ինքնուրույն գործելու և խոսքային հաղորդակցման պահանջմունք, բացի այդ երեխան դառնում է անվստահ, պասիվ։ ՄՈՒԿ-ի ժամանակ դրսևորվող խոսքի խանգարումների բնույթն ու արտահայտման աստիճանն առաջին հերթին կախված են ուղեղի ախտահարման ծանրությունից և տեղայնացումից։ ՄՈՒԿ-ի ժամանակ խոսքի զարգացման շեղումները պայմանավորված են նաև երեխայի առարկայապրակտիկ գործունեության անբավարարությամբ և սոցիալական շփումների սահմանափակմամբ։

Մնեմոնիկ տեխնիկա

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան հիշողությունն ակտիվացնող, զարգացնող,ամրապնդող արվեստ է: Տեխնիկայի անվանումը հիշողության աստվածուհու և ինը մուսաների’ Մնեմոսինեի հետ է կապված:  Սակայն կա նաև մեկ այլ մեկնաբանություն, ըստ որի <<Մնեմոնիկա>> – հունարեն մնեմե բառից է ծագել, որ նշանակում է հիշողություն: Այն հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ է, որը սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:

Մնեմոնիկան սովորական, մեխանիկական հիշողությունիցտարբերվում է նրանով, որ ինֆորմացիան հիշելու համար կիրառվում են հնարքներ, որոնք իրենցից ներկայացնում են համեմատություններ, պատկերացումներ, կարող են օգտագործվել զգացմունքները, մինչդեռ մեխանիկորեն հիշելը զուրկ է դրանցից: Վերջինը տեղի է ունենում կրկնողության միջոցով կամ առանց դրա :

Որքան էլ զարմանալի է ,բայց գոյություն ունի հիշողության ամենամյա մրցույթ, որտեղ մարդիկ ցուցադրում են իրենց հիշելու զարմանալի կարողությունը։ Այսպես օրինակ’ Ալեքս Մալենը, ԱՄՆ-ից , կարողացել է 5 րոպեում մտապահել 568 թիվ, իսկ Մոնղոլիայից Մունխշուռ Նարմանդախը 1 ժամում հիշել է 1924 խաղաքարտ։

Ըստ այս տեխնիկայի հեշտ է հիշել ծիածանի գույները.

Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն— հայրերեն հիշելու մնեմոտեխնիկան՝

Կատուն նստած դռան կողքին, երազում է կերի մասին։

իմ տարբերակը`

Կարապը նստել դարպասի կողքին երազում էր կտի մասին

Հիշողություն

Հիշողությունը մարդու փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրումն է: Մարդու հիշողությունն իրենից բարդ երևույթ է ներկայացնում: Այն ունի մի շարք գործընթացներ, հոգեբանական առանձնահատկություններ: Հիշողությունն ընկած է մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Ըստ ծագման հիշողություն լինում է`

ֆիլոգենետիկական, որը ներառում է ժառանգական մեխանիզմների միջոցով ծնողների կողմից ստացված ինֆորմացիան: Այն դրսևորվում է անպայման ռեֆլեքսների և դրանց զուգորդությունների՝ բնազդային գործողությունների ձևով:

Օնտոգենետիկական հիշողությունը կազմում է մարդու անհատական զարգացման ընթացքում ձեռք բերած ինֆորմացիան:

Ըստ մարդու գործունեության նպատակի հիշողությունը լինում է՝

Ոչ կամածին հիշողության դեպքում մարդն իր առջև նպատակ չի դնում ընկալածը պահպանելու և վերարտադրելու համար:

Կամածին հիշողության դեպքում մարդն իր առջև նպատակ է դնում ընկալվածը պահպանելու և վերարտադրելու: Մարդու կյանքի առաջին տարիներին գիտելիքների, կենսափորձի կուտակման և վարքի իրագործման հիմնական մեխանիզմը ոչ կամածին է: Վաղ մանկության տարիներին երեխան իր առջև չի կարող գիտակցորեն շրջապատի երևույթները կամ մեծահասակների խոսքը մտապահելու և անհրաժեշտության դեպքում վերարտադրելու խնդիր դնել: Տարիքի մեծացման հետ զուգընթաց քանի գնում մեծանում է կամածին հիշողության դերը:

Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են՝

Կարճատև հիշողություն- ինֆորմացիան մեկ անգամ ընկալելուց հետո մտքում պահելու և վերարտադրելու երևույթն է: Ընկալումից մինչև վերրտադրության ավարտը տևում է մի քանի վայրկյան:

Երկարատև, տևական, երկարաժամկետ հիշողության դեպքում ընկալված ինֆորմացիան պահվում  շատ երկար՝ կրկնելոը և վերարտադրելու շնորհիվ:

Օպերատիվ հիշողություն, որն ընկած է կարճատև և երկարատև մակարդակների միջև: Դրանց օգնությամբ ապահովվում է մարդու ընթացիկ գործունեությունը, այդ գործության մեջ մտնող գործողությունների և գործառնությունների կատարումը:

Ըստ մտապահվող նյութի բնույթի լինում է՝

Շարժողական հիշողությունը, որն անհատի կողմից իր իսկ կատարած շարժումներն ու դրանց համակարգերը մտապահելու, պահպանելու և վերարտադրելու երևույթն է:

Պատկերավոր հիշողություն դեպքում ինֆորմացիան մտապահվում և վորարտադրվում է մտապատկերների միջոցով- տեսողական, հոտառական, լսողական…:

Հուզական հիշողությունը հույզերի ու հուզական վիճակների մտապահումն ու վերարտադրումն է:

Խոսքային տրամաբանական կամ սիմվոլիկ հիշողությունը բառերի, հասկացությունների ձևով արտահայտված ինֆորմացիայիմտապահումն ու վերարտադրումն է

Ուշադրություն

ստիպված ենք լինում կատարել գործունեության այնպիսի տեսակներ, որոնք մեզ համար անմիջական հետաքրքրություն չեն ներկայացնում և ոչ կամածին ուշադրություն չեն առաջացնում։ Նման դեպքերում մենք վճիռ ենք կայացնում այդ գործունեությունը կատարելու համար, գիտակցորեն որոշում ենք նպատակները և անցնում իրագործման։

Ընտրելով գործունեության այս տեսակը` մենք ջանքեր ենք գործադրում ուշադրությունը նրա վրա կենտրոնացնելու և կողմնակի գրգռիչներից` oրինակ՝ առարկաներից, մարդկանցից, գործերից, նույնիսկ մեր այն ցանկություններից, որոնք տվյալ հանգամանքներում տեղին չեն, հոգեբանորեն հեռանալու համար։ Փաստորեն ուշադրությունը տևականորեն նույն առարկայի վրա կենտրոնացված պահելու համար անհրաժեշտ են մշտական կամային ճիգեր, հատկապես, երբ շրջապատում կան ուժեղ և կողմնակի գրգռիչներ՝ գրավիչ օբյեկտներ, աղմուկ և այլն։

Այսպիսով, ուշադրության այն տեսակը, որը ստեղծվում է գիտակցորեն և կամային ջանքերի օգնությամբ, կոչվում է կամածին կամ կանխամտածված ուշադրություն։

Կամածին ուշադրության վրա ազդեցություն են գործում նաև անձի նախկին փորձն ու գիտելիքները, նրա հետաքրքրություններն ու զգացմունքները, սոցիալական և այլ դիրքորոշումները։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նպատակադրումը, որը և, ի վերջո, հանգեցնում է նպատակի իրագործմանն ուղղված գործունեության վրա ուշադրության կամածին կենտրոնացմանը, անձի բնորոշ գծերի և մոտիվացիայի դրսևորում է։

Մարդու բնական, ամենօրյա կենսագործունեության ընթացքում ուշադրության կամածին և ոչ կամածին տեսակները կարող են հանդես գալ միասին, գործունեության ընթացքից կախված կարող են անցումներ կատարվել մեկից մյուսը։

Օրինակ՝ երբ սկսում ենք նպատակաուղղված կարդալ մասնագիտական հոդված, արդյունքում ձևավորված հետաքրքրության շնորհիվ կամածին ուշադրությունից անցում ենք կատարում ոչ կամածին ուշադրության։

Այսպես են անվանում ուշադրության այն  տեսակը, որն առաջ է գալիս  մարդու կամքից անկախ, ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման։

Ուշադրության այս տեսակը որոշ հեղինակներ անվանում են նաև պասսիվ կամ հուզական ուշադրություն։ Այն դրսևորելիս մարդը ճիգեր չի գործադրում։ Դա ուշադրության պարզագույն տեսակն է։

Օրինակ՝ բարձր ձայնը, պայծառ լույսը, ուժեղ ցնցումն ինքնաբերաբար գրավում են մեր ուշադրությունը։ Շատ խոշոր առարկաները ևս գրավում են մարդկանց ուշադրությունը կամ, եթե որևէ ձայն շատ երկար է հնչում, բայց ընդհատումներով, ապա հետաքրքրություն է առաջ բերում իր նկատմամբ։

Մեծ ուշադրություն է գրավում նաև շարժումը։ Ընդանրապես շարժվող առարկաներն ավելի հաճախ են ոչ կամածին ուշադրություն առաջ բերում, քան անշարժ օբյեկտները։

Ոչ կամածին ուշադրություն գրավող հանգամանք է ոչ այնքան գրգռիչի անընդմեջ ազդեցությունը,այլև նրա դադարը, անհետացումը։ Օրինակ, եթե որևէ ձայն, անդադար հնչելով մեզ համար սովորական է դառնում, ապա մենք այլևս նրա վրա ուշադրություն չենք դարձնում, բայց երբ ձայնը հանկարծ լռում է, ապա մենք միանգամից և անկախ մեր կամքից  ուշադրություն ենք դարձնում այդ հանգամանքի վրա։

Ոչ կամածին ուշադրություն առաջ բերող հետաքրքրական գործոն է նաև մարդու կենսափորձը՝ սովորությունները, գիտելիքները, մասնագիտական հետաքրքրությունները, ուղղվածությունը։

Կենսափորձի ազդեցության տակ մարդ կարող է ուշադրություն դարձնել այնպիսի հանգամանքների վրա, որոնք տվյալ պահին նրա պահանջմունքների հետ անմիջականորեն կապված չեն։

Օրինակ, մասնագիտական փորձի և ուղղվածության ազդեցության տակ մարդը կարող է ինքնաբերաբար ուշադրություն դարձնել այնպիսի երևույթների  վրա, որոնք չունեն ոչ մեծ ուժ, ոչ էլ կոնտրաստ։ Փորձի առկայությունը մարդու համար շատ երևույթներ հետաքրքիր և հասկանալի է դարձնում, և դրանով իսկ նպաստում է  դրանց նկատմամբ ոչ կամածին ուծադրության  առաջացմանը։

Ոչ կամածին ուշադրություն առաջ բերող հատկանիշների թվում  առաջնակարգ տեղ է գրավում նաև առարկայի, երևույթի, գործընթացի նորույթ լինելը, քանի որ ամեն մի նոր բան հետաքրքիր է մարդկանց համար և ուշադրություն է գրավում։ Սակայն եթե  գրգռիչը մարդու համար սովորական է դարձել, նա այլևս ուշադրություն չի դարձնում դրա վրա և պատասխան վարք չի դրսևորում, քանի որ տևական ու անընդհատ ազդեցությունն անտարբերություն առաջ բերող հանգամանք է։

Ուշադրության տեսակներից վերջինը կոչվում է հետկամածին ուշադրություն։

Այն ունի այնպիսի գծեր, որոնց մի մասը հատուկ է կամածին ուշադրությանը, իսկ մյուս մասը՝ ոչ կամածին ուշադրությանը։ Սակայն, ընդհանուր առմամբ, այն չի համընկնում դրանցից որևէ մեկի հետ։

Ի տարբերություն ոչ կամածին ուշադրության՝ հետկամածին ուշադրությունը կապված է գիտակցական նպատակների և հետաքրքրությունների հետ և, ի տարբերություն կամածին ուշադրության, նրանում բացակայում են կամածին ճիգերը։

Երբ է առաջ գալիս այդ հատուկ տեսակի ուշադրությունը։

Ուշադրության այս տեսակը առաջ է գալիս կամածին ուշադրությունից հետո։

Երբ գործունեությունը, որի վրա անձը, միայն կամային ճիգերի օգնությամբ կարողացավ կենտրոնացնել իր ուշադրությունը, սկսում է հետաքրքիր դառնալ և նրանում առաջ է գալիս գործունեության իրագործման ներքին մոտիվացիա։

Ենթադրենք մենք ստիպված ենք կատարել այնպիսի գործունեություն, որը սկզբում մեզ չի հետաքրքրում և գրավչություն չունի։

Կամային ջանքերի գնով մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք այդ գործունեության վրա և սկսում ենք իրագործել այն։

Բայց ահա աստիճանաբար գործունեությունը, օրինակ՝ մեզ հանձնարարված գրքի ընթերցումը, մեզ սկսում է դուր գալ, գրավել, մենք հետաքրքրվում ենք նրա բովանդակությամբ և ցանկանում ենք իմանալ, թե ինչ բովանդակություններ են ծավալվելու հաջորդ էջերում ։ Եվ ահա մենք նույնիսկ չենք էլ նկատում, թե ինչպես այլևս ոչ մի ջանք չենք գործադրում մեր ուշադրությունը գործունեության և նրա բովանդակության վրա կենտրոնացնելու համար։

Ընդհակառակը, այժմ մեզանից ճիգեր կպահանջեր այդ գործունեությունից կտրվելն ու որևէ այլ բանի վրա  ուշադրությունը տեղափոխելը։

Այն, կամածին ուշադրությունից ծագելով, այլևս կամային ջանքեր և հոգեկան լարվածություն ու եռանդ չի պահանջում, ինչպես կամածին ուշադրությունը։

Հետկամածին ուշադրության առկայության դեպքում գործողությունն անձին գրավում, հաճույք է պատճառում, մարդուն ազատում է տհաճ ապրումներից, որոնք կապված են կամային ջանքեր պահանջող տհաճ գործունեություն կատարելու անհրաժեշտության հետ։

Մարդու ազատ ընտրությամբ կատարվող աշխատանքն առավելապես իրագործվում է հետ կամածին ուշադրության օգնությամբ։

Առավել լարված ու տևական կենտրոնացումը հատուկ է հետկամածին ուշադրությանը, այն կարող է ժամեր տևել։ Այդ պատճառով այն  համարվում է ուշադրության ամենաերկարատև և արդյունավետ տեսակը։

 Առաջարկում եմ ամփոփել ուշադրության տեսակները, որոնց փորձեցինք ծանոթանալ մեկ ամսվա ընթացքում։

  • արտաքին՝ մարդու հոգեկան գործունեությունն ուղղված է դեպի արտաքին աշխարհը,
  • ներքին՝ մարդու հոգեկան գործունեությունն ուղղված է դեպի իր ներաշխարհը,
  • ոչ կամածին՝ մարդը ինքնաբերաբար, իր կամքից անկախ ուշադրություն է դարձնում որևէ երևույթի վրա,
  • կամածին՝ մարդը կամքի լարումով իր հոգեկան գործունեությունն է ուղղում որևէ առարկայի կամ երևույթի վրա,
  • հետկամածին՝ ծնվում է որպես կամածին ուշադրություն և ապա, հետաքրքրության առաջացման շնորհիվ, դառնում ոչ կամածին։