Արզակյանդ

Արզակյանդ

Արզական գյուղը ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ  Արտավազդ 2-րդ  արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։ Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից,  մասամբ նաև Մուշից։
Արզականը հանդիսացել է առաջին կարգի աստիճանավոր Երևանցի Ղահրաման Մելիք-Աղամալյանի սեփական կալվածքը։1862  թվականին Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը եղել է Արզականում, հանդիպում է ունեցել 1-ին կարգի աստիճանավոր կալվածատեր Ղահրաման Մելիք–Աղամալյանի հետ։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցի վկայությամբ Արզաքանը տեղավորված է եղել երկու փոքրիկ ձորակների միջավայրում, այն ժամանակ ունեցել է 37 տնտեսութուն։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը գրում է. «Արժանի իշխանաց արժանավոր բնակարան և ամրոց է եղած ժամանակին Արզաքանը, նորա շրջավայրերը, որը և արժանի է ներկայի կալվածատեր մեծապատիվ իշխանին` Ղահրամանյան աղայի Մելիք–Աղամալյանցին, որի շնորհիվ եկեղեցին և եկեղեցիական դպրոցը բարեկարգ վիճակի մեջ են եղել»։
Գյուղի բնակչությունը գյուղատնտեսական կուլտուրաներից մշակել է ցորեն, գարի, ծխախոտ, կանեփ, վուշ և բոստանային կուլտուրաներ։ Գյուղն ունեցել է հետևյալ արտադրական օբյեկտները, որոնք պատկանել են բնիկ տեղացի հայերին 3 դարբնոց, 3 ջուլհականոց, 1 հյուսնոց, 1 բրդամշակման արհեստանոց, ունեցել է նաև ձիթահան պատրաստի վիճակում, որի արտադրական կարողությունը տարեկան եղել է 500 բատման կտավատի ձեթի արտադրություն։1831 թվականին գյուղն ունեցել է 7 ջրաղաց, որից միայն երկուսն է եղել սարքին վիճակում, բոլոր ջրաղացներն ունեցել են մեկ աչք։
Գյուղն ունեցել է իր սեփական հիդրոէլեկտրոկայանը, որը հիմնել է Աշոտ Վարդանյանը։Արզականը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի  ստորոտին, Հիազդան գետի աջակողմյան վտակ Դալար գետի ափին, ձորահովտում՝ մրգատու ծառերի մեջ։