Պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարելուն։ Պայմանագիրը կամային ակտ է, կողմերի կամավոր համաձայնություն։ Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ։
Պայմանագրերի տեսակները տարբեր են։ Դրանցից են `
1. Հիմնական ու նախնական պայմանագիր
Նախնական են համարվում այն պայմանագրերը, որոնցով պայմանավորվող կողմերը պարտավորվում են դրանով նախատեսված պայմաններով ապագայում կնքել հիմնական պայմանագիր։
Հիմնական է համարվում այն պայմանագիրը, որը կողմերի համար անմիջականորեն առաջացնում է գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական պարտականությունների իրականացման հարաբերություններ։
2. Հատուցելի ու անհատույց պայմանագիր
Հատուցելի են համարվում այն պայմանագրերը, որոնցով մի կողմի կատարվածի դիմաց մյուս կողմը պետք է փոխհատուցի։ Հատուցումը կարող է լինել դրամով, գույքով կամ որոշակի աշխատանքի կատարմամբ։
Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով կողմը պարտավորվում է որևէ բան հանձնել մյուս կողմին, առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու։ Օրինակ ` գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, նվիրատվության պայմանագիր։
3. Կոնսենսուսալ ու ռեալ պայմանագրեր
Կոնսենսուալ են համարվում այն պայմանագրերը, որոնց կնքման համար բավական է միայն կողմերի համաձայնությունը, որևէ գործողության կատարում չի պահանջվում։
Ռեալ են կոչվում այն պայմանագրերը, որոնք կնքված են համարվում, երբ կողմերի փոխադարձ համաձայնության հիման վրա կողմը մյուսին իր է հանձնում։