Ազատ մարդ: Ս. Սոլովեյչիկ

Սիմոն ՍոլովեյչիկՆվեր մտքեր

Բարձրագույն արժեքը

Նախկին գաղափարախոսությունը հեռացավ ոչ թե չարանենգ մարդկանց կամքով, ինչպես երբեմն կարծում են, այլ որովհետև նրա հիմքում ուտոպիա էր՝ մի բան, որն աշխարհում չկա, չի կարող լինել: Գեղեցիկ, բայց անիրականանալի երազանք: Իրականում շատ քչերն էին հավատում դրան, այդ պատճառով էլ դաստիարակությունը մշտապես անարդյունավետ էր լինում: Պաշտոնական պրոպագանդան, որն իրականացնում էր նաև դպրոցը, շշմելու չափ չէր համապատասխանում իրական կյանքին: Հիմա իրական աշխարհ ենք վերադառնում: Ահա, թե ինչն է կարևոր. այն խորհրդային չէ, բուրժուական չէ, այն իսկական է, իրական, աշխարհ, որտեղ մարդիկ ապրում են: Լավ, թե վատ, բայց ապրում են: Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմությունն ունի, իր ազգային բնավորությունը, իր լեզուն և իր երազանքները. յուրաքանչյուր ժողովուրդ իրենը, հատուկն ունի: Բայց ամբողջությամբ աշխարհը միասնական է, իրական: Եվ այս իրական աշխարհում սեփական արժեքներ գոյություն ունեն, յուրաքանչյուր մարդու համար սեփական բարձրագույն նպատակներ կան: Կա նաև մի բարձրագույն արժեք, որի համեմատ դասավորվում են մնացած նպատակներն ու արժեքները: Ուսուցչի, դաստիարակի, դաստիարակության համար չափազանց կարևոր է հասկանալ, թե որն է այդ բարձրագույն արժեքը: Մեր կարծիքով այդ բարձրագույն արժեքը, որի մասին մարդիկ երազում և հազարամյակներ շարունակ վիճում են, որը մարդու համար ամենադժվար ընկալելին է, ազատությունն է:

Հարցնում են` հիմա ինչպիսի՞ մարդ դաստիարակենք: Պատասխանում ենք՝ ազատ մարդ:

Ի՞նչ է ազատությունը

Այս հարցին պատասխանելու համար հարյուրավոր գրքեր են գրվել, և դա հասկանալի է. ազատությունն անվերջ հասկացություն է: Այն մարդու բարձրագույն հասկացությունների թվին է պատկանում և սկզբունքորեն չի կարող ճշգրիտ սահմանում ունենալ: Անվերջը չի կարելի սահմանել բառերով: Նա բառերից բարձր է: Քանի մարդիկ ապրում են, նրանք ձգտելու են հասկանալ, թե ինչ է ազատությունը, և ձգտելու են դրան: Աշխարհում ոչ մի տեղ իրական սոցիալական ազատություն չկա, յուրաքանչյուր մարդու համար տնտեսական ազատություն նույնպես, ըստ ամենայնի, չկա. բայց հսկայական թվով ազատ մարդիկ կան:

Դա ինչպե՞ս կարող է պատահել: «Ազատություն» բառի մեջ միմյանցից խիստ տարբերվող երկու հասկացություն է պարունակվում: Ըստ էության բոլորովին տարբեր երկու բաների մասին է խոսքը: Փիլիսոփաները, վերլուծելով այս դժվար բառը, եկել են այն եզրակացության, որ կա «ազատությունից»՝ ինչ-որ արտաքին պարտադրանքից և ճնշումից ազատություն, և կա «ազատություն –համար»՝ մարդու ներքին ազատությունը ինքնիրագործման համար: Ինչպես արդեն ասվեց, արտաքին ազատությունը բացարձակ չի լինում: Բայց ներքին ազատությունը կարող անսահման լինել նույնիսկ ամենածանր կյանքի դեպքում: Մանկավարժության մեջ վաղուց է քննարկվում ազատ դաստիարակությունը: Այդ ուղղությանը հարող ուսուցիչները փորձում են դպրոցում երեխային արտաքին ազատություն տալ:

Մենք խոսում ենք մյուս՝ ներքին ազատության մասին, որը ցանկացած պայմանների դեպքում հասանելի է մարդուն, որի համար հատուկ դպրոցներ ստեղծելու անհրաժեշտություն չկա: Ներքին ազատությունն արտաքին ազատությունից ամուր կապված չէ: Ամենաազատ պետության մեջ կարող են լինել կախված, անազատ մարդիկ: Ամենաանազատ պետության մեջ, որտեղ բոլորն են այս կամ այն կերպ ճնշվում, կարող են լինել ազատ մարդիկ: Այսպիսով, ազատ մարդ դաստիարակելը երբեք շուտ չէ և երբեք ուշ չէ: Ազատ մարդիկ պետք է դաստիարակենք ոչ այն պատճառով, որ մեր հասարակությունն ազատություն է ձեռք բերել, դա վիճելի հարց է, այլ այն պատճառով, որ ներքին ազատությունը պետք է հենց մեր սանին՝ ինչ հասարակության մեջ էլ ապրի:

Ազատ մարդը ներքուստ ազատ մարդն է: Ինչպես բոլոր մարդիկ, արտաքուստ նա կախված է հասարակությունից: Բայց ներքուստ նա անկախ է: Հասարակությունը կարող է արտաքին ազատություն ձեռք բերել (ճնշումներից), բայց ազատ դառնալ կարող է միայն այն ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը ներքուստ ազատ լինի: Մեր կարծիքով, հենց սա էլ պետք է լինի դաստիարակության նպատակը՝ մարդու ներքին ազատությունը: Ներքուստ ազատ մարդիկ դաստիարակելով՝ մենք ամենամեծ օգուտն ենք տալիս և՛ մեր սաներին, և՛ ազատության ձգտող մեր երկրին: Այստեղ ոչ մի նոր բան չկա. նայե՛ք լավագույն ուսուցիչներին, հիշե՛ք ձեր ամենալավ ուսուցիչներին. նրանք բոլորը ջանում էին ազատ մարդիկ դաստիարակել, դրա համար էլ հիշվում են: Ներքուստ ազատ մարդկանց վրա է հենվում և նրանցով է զարգանում աշխարհը:

Ի՞նչ է ներքին ազատությունը

 

Ներքին ազատությունը նույնքան հակասական է, ինչքան ազատությունն ընդհանրապես: Ներքուստ ազատ մարդը, ազատ անհատը ինչ-որ տեղ ազատ է, ինչ-որ տեղ՝ ոչ: Ինչի՞ց է ազատ ներքուստ ազատ մարդը: Նախ և առաջ՝ մարդկանց ու կյանքի նկատմամբ վախից: Սովորական հասարակական կարծիքից: Նա անկախ է ամբոխից: Ազատ է մտածողության կարծրատիպերից. ունակ է իր, սեփական հայացքն ունենալու: Ազատ է նախապաշարումներից: Ազատ է նախանձից, շահամոլությունից, իր սեփական ագրեսիվ նկրտումներից: Կարելի է ասել՝ նրա մեջ մարդկայինն է ազատ: Ազատ մարդուն հեշտ է ճանաչելը. նա հասարակ պահվածք ունի, ինքնատիպ է մտածում, երբեք չի ցուցաբերում ո՛չ ստրկամտություն, ո՛չ վրդովվեցնող հանդգնություն: Նա գնահատում է յուրաքանչյուրի ազատությունը: Նա իր ազատությամբ չի գոռոզանում, ամեն գնով ազատության չի ձգտում, չի պայքարում սեփական ազատության համար. դա մշտապես ունի: Դա նրան տրված է հավերժ օգտագործման: Նա ազատության համար չի ապրում, այլ ազատ է ապրում: Նա թեթև մարդ է, նրա հետ հեշտ է, նա լի է կենսական շնչառությամբ:

Յուրաքանչյուրս հանդիպել է ազատ մարդկանց: Նրանց միշտ սիրում են: Բայց կա մի բան, որից իրապես ազատ մարդն ազատ չէ: Շատ կարևոր է սա հասկանալը: Ինչի՞ց ազատ չէ ազատ մարդը: Խղճից:

Ի՞նչ է խիղճը

 

Եթե չհասկանանք, թե ինչ է խիղճը, ապա չենք հասկանա նաև ներքուստ ազատ մարդուն: Առանց խղճի ազատությունը կեղծ ազատություն է, դա ծանրագույն կախվածության տեսակներից է: Կարծես թե ազատ, բայց անխիղճ մարդն իր նկրտումների գերին է, կյանքի հանգամանքների ստրուկը, և իր արտաքին ազատությունը նա ի չարն է գործադրում: Այդպիսի մարդուն կարելի է ցանկացած անուն տալ, բայց ոչ ազատ: Ազատությունը հասարակական գիտակցության մեջ ընկալվում է որպես բարություն:

Ուշադրությո՛ւն դարձրեք մի կարևոր առանձնահատկության. այստեղ չի ասվում՝ ազատ չէ իր խղճից, ինչպես սովորաբար ասում են: Որովհետև իր խիղճ չի լինում. Խիղճը և՛ սեփական է, և՛ ընդհանուր: Խիղճն այն ընդհանուրն է, որը յուրաքանչյուրի մեջ առանձին կա: Խիղճն այն է, որ միավորում է մարդկանց: Խիղճը այն ճշմարտությունն է, որը մարդկանց միջև և յուրաքանչյուր մարդու մեջ է ապրում: Նա միակն է բոլորի համար, այն ընկալում ենք լեզվի միջոցով, դաստիարակության հետ, միմյանց հետ շփվելով: Պետք չէ հարցնել, թե ինչ է ճշմարտությունը. ազատության նման, դա էլ հնարավոր չէ բառերով արտահայտել: Բայց այն զգում ենք արդարության զգացողությամբ, ինչը յուրաքանչյուրս զգում է, երբ կյանքը ճիշտ է ընթանում: Եվ յուրաքանչյուրը տառապում է, երբ արդարությունը խախտվում է, երբ ճշմարտությունն է ոտնահարվում: Խիղճը՝ խիստ ներքին, բայց միաժամանակ հասարակական զգացողություն, մեզ ասում է, թե որտեղ է ճշմարտությունը, և որտեղ` սուտը: Խիղճը մարդուն ստիպում է կառչել ճշմարտությանը, այսինքն՝ ճշմարտությամբ, արդարացի ապրել: Ազատ մարդը խստորեն ենթարկվում է խղճին, բայց միայն նրան:

Ուսուցիչը, որի նպատակը ազատ մարդու դաստիարակությունն է, պետք է պահպանի արդարության զգացողությունը: Կրթության համար սա է գլխավորը: Ոչ մի դաստիարակություն էլ չկա: Դաստիարակության համար ոչ մի պետպատվեր հարկավոր չէ: Դաստիարակության նպատակը մեկն է բոլոր ժամանակների համար` մարդու ներքին ազատությունը, ազատությունը ճշմարտության համար:

Ազատ երեխա

Ներքուստ ազատ մարդու դաստիարակությունն սկսվում է մանկությունից: Ներքին ազատությունը բնածին նվեր է, հատուկ տաղանդ, որը կարելի մարել, ինչպես և ցանկացած տաղանդ, բայց կարելի է նաև զարգացնել: Յուրաքանչյուր մարդ այս կամ այն չափով օժտված է այդ տաղանդով, ինչպես յուրաքանչյուրը խիղճ ունի. բայց մարդը կամ լսում է նրան և ձգտում խղճով ապրել, կամ այն խլացվում է կյանքի հանգամանքներով ու դաստիարակությամբ:

Նպատակը՝ ազատ մարդու դաստիարակությունն է որոշում երեխաների հետ շփվելու բոլոր ձևերը, միջոցներն ու մեթոդները: Եթե երեխան չի ճնշվում և սովորում է խղճով ապրել, ինքնաբերաբար ձեռք է բերում կենցաղային և հասարակական բոլոր կարողությունները, որոնց մասին այդքան շատ է խոսվում դաստիարակության տեսություններում:

Մեր կարծիքով, ներքին ազատության, որն առանց մեզ էլ կա երեխայի մեջ, զարգացումը, պահպանումն ու պաշտպանությունն է դաստիարակությունը:

Բայց երեխաները լինում են ինքնակամ, կամակոր, ագրեսիվ: Շատ մեծահասակների, ծնողների և ուսուցիչների թվում է, թե երեխաներին ազատություն տալը վտանգավոր է: Այստեղով է անցնում ջրբաժանը դաստիարակության երկու մոտեցումների միջև:

Նա, ով ազատ երեխա է ցանկանում մեծացնել, նրան ընդունում է այնպիսին, ինչպիսին կա. նրան սիրում է ազատագրող սիրով: Նա երեխային հավատում է, և այդ հավատը նրան օգնում է համբերատար լինել: Նա, ով ազատության մասին չի մտածում, վախենում է դրանից, երեխային չի հավատում, նա անպայման ճնշում է երեխայի ոգին և դրանով ոչնչացնում, լռեցնում է նրա խիղճը։ Երեխայի նկատմամբ նրա սերը դառնում է ճնշող:

Այդպիսի անազատ դաստիարակությունն է հասարակությանը տալիս վատ մարդիկ: Առանց ազատության բոլոր նպատակները, նույնիսկ եթե դրանք շատ բարձր են թվում, դառնում են կեղծ և մարդկանց համար վտանգավոր:

Ազատ ուսուցիչ

 

Ազատ մեծանալու համար երեխան մանկությունից սկսած իր կողքին պետք է տեսնի ազատ մարդկանց և ամենից առաջ՝ ազատ ուսուցչի: Քանի որ ներքին ազատությունը հասարակությունից ուղղակի կախված չէ, միայն մի ուսուցիչը կարող է խիստ ազդել երեխայի մեջ թաքնված ազատության տաղանդի վրա, ինչպես պատահում է երաժշտական, մարզական, գեղարվեստական տաղանդների հետ:

Ազատ մարդ կարող է դաստիարակել մեզանից յուրաքանչյուրը, ամեն առանձին ուսուցիչ: Ահա այն դաշտը, որտեղ մեկն էլ զինվոր է, որտեղ մեկը կարող է ամեն ինչ անել: Որովհետև երեխաները ձգտում են դեպի ազատ մարդիկ, վստահում են նրանց, հիանում են նրանցով, շնորհակալ են նրանց: Դպրոցում ինչ էլ պատահի, նեքուստ ազատ ուսուցիչը կարող է հաղթող դուրս գալ: Ազատ ուսուցիչը երեխային ընդունում է որպես իրեն հավասար մարդու: Հենց դրանով նա իր շուրջը ստեղծում է մթնոլորտ, միայն որտեղ կարող է աճել ազատ մարդը։ Հնարավոր է՝ նա երեխային միայն մի կում ազատություն է տալիս և դրանով փրկում նրան, սովորեցնում գնահատել ազատությունը, ցույց է տալիս, որ հնարավոր է ապրել որպես ազատ մարդ:

Ազատ դպրոց

Ուսուցչի համար շատ հեշտ է ազատ մարդու դաստիարակության ուղղությամբ առաջին քայլն անել, հեշտ է ազատության նկատմամբ սեփական տաղանդը ցուցաբերել, եթե աշխատում է ազատ դպրոցում:

Ազատ դպրոցում ազատ երեխաներ են և ազատ ուսուցիչներ: Աշխարհում այդպիսի դպրոցներն այնքան էլ շատ չեն, բայց կան, և դա նշանակում է, որ այդ երազանքն իրականացնելի է: Ազատ դպրոցում կարևորն այն չէ, որ երեխաներին թույլատրում են անել այն ամենը, ինչ ցանկանան, կարգ ու կանոնից ազատելը չէ, այլ ուսուցչական ազատ ոգին, ինքնուրույնությունը, հարգանքը ուսուցչի նկատմամբ:

Աշխահում շատ կան խիստ դպրոցներ՝ ավանդական կարգ ու կանոնով, այնուամենայնիվ հենց այդ դպրոցներն են աշխարհին տալիս ամենաարժեքավոր մարդկանց: Քանի որ այդ դպրոցներում աշխատում են ազատ, տաղանդավոր, ազնիվ ուսուցիչներ, որոնք իրենց գործի նվիրյալներն են, և այդ պատճառով դպրոցում խրախուսվում է արդարության ոգին: Բայց այդպիսի ավտորիտար դպրոցներում բոլորն ազատ մարդիկ չեն դառնում: Որոշ երեխաների՝ թույլերի ազատության դաղանդը լռեցվում է, դպրոցը նրանց կոտրում է:

Իսկապես ազատ դպրոցն այն է, ուր երեխաներն ուրախությամբ են գնում, որտեղ յուրաքանչյուր դասի ընթացքում է ազատություն տիրում: Երեխաները հենց այդպիսի դպրոցում են գտնում կյանքի իմաստը: Նրանք սովորում են ազատ մտածել, ազատ դրսևորվել, ազատ ապրել և գնահատել ազատությունը՝ իրենց և յուրաքանչյուրի:

Ազատների դաստիարակության ճանապարհը

 

Ազատությունը և՛ նպատակն է, և ճանապարհը: Ուսուցչի համար կարևոր է բռնել այդ ճանապարհն ու քայլել՝ առանց շատ շեղումների:

Ազատության տանող ճանապարհը շատ դժվար է, այն առանց սխալների չես անցնի, բայց պետք է նպատակասլաց լինել: Ազատ մարդ դաստիարակողի առաջին հարցն է` արդյո՞ք երեխաներին չեմ ճնշում: Եթե նրանց ինչ-որ բան եմ պարտադրում, ապա հանուն ինչի՞: Ինձ թվում է՝ նրանց օգուտի համար, բայց արդյո՞ք չեմ սպանում մանկական ազատության տաղանդը: Իմ առջև դասարան է, և պարապմունք անցկացնելու համար կարիք ունեմ որոշակի կարգապահության, բայց արդյո՞ք չեմ կոտրում երեխային՝ ձգտելով նրան ենթարկել ընդհանուր կարգապահությանը:

Հնարավոր է, որ ամեն մի ուսուցիչ չկարողանա այս հարցերի պատասխանները գտնել, բայց կարևոր է, որ յուրաքանչյուրն այս հարցերը ինքն իրեն տա: Ազատությունը մեռնում է այն պահին, երբ հայտնվում է վախը: Հնարավոր է, որ ազատ մարդ դաստիարակելու ճանապարհը վախից ամբողջովին ազատվելն է:

Ուսուցիչը երեխաներից չի վախենում, բայց և երեխաներն էլ ուսուցչից չեն վախենում, և ազատությունն ինքն իրեն դասարան է գալիս: Վախից ազատագրվելը դպրոցում ազատության տանող ճանապարհի առաջին քայլն է: Մնում է ավելացնել, որ ազատ մարդը միշտ գեղեցիկ է: Ուսուցչի երազանքը հոգեպես գեղեցիկ, հպարտ մարդկանց դաստիարակությունը չէ՞:

Սոցիոլոգիա

Սոցիոլոգիան ուսումնասիրում է տեսական և կիրառական ոլորտները։ Այն ուսումնասիրում է հասարակությունը, հասարակության հետ կապված օբյեկտները։

Հասարակությունում երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ստիպված ես լինում այն ընդունել օբյեկտիվորեն։ Այդ իրավիճակները կարող են լինել հենց սուբյեկտներից։ Սոցիոլոգիան հենց հասարակությունն է, և նրա հետ կապված երևույթները։ Սոցիոլոգիայի շնորհիվ կարելի է պարզել հասարակության միտվածությունը, գաղափարները, նախընտրությունները: Սոցիոլոգիական ամենապարզ հարցումների միջոցով կարելի է պարզել, թե, օրինակ, ինչ ապրանքանիշ է նախընտրում հասարակության այս կամ այն խավը և այլն:

Где кто живёт